armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը, վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Այս մասին Արմեն Սարգսյանն ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին իր ողջույնի խոսքում:
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ գագաթնաժողովն անցկացվում է հիբրիդային տարբերակով, բանախոսների մի մասը հեռավար են մասնակցում: Նախագահը նախ նշեց՝ գագաթնաժողովի խորագիրը նոր աշխարհի կամ, ինչպես ինքն է անվանում, քվանտային աշխարհի մասին է։
«Մեր շուրջը շատ բաներ են փոխվել։ Այս գագաթնաժողովը ներառում է երկու թեմա. առաջինը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը, որը փոփոխվում է ամեն օր։ Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբևեռ կամ բազմաբևեռ չէ, այն շատ ավելի բարդ է: Եվ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում»,-ասաց նախագահը:
Գագաթնաժողովի առաջին հատվածը նվիրված է նաև տարածաշրջանային քաղաքականությանը: Արմեն Սարգսյանը շեշտեց.
«Վերջին շրջանում, նախորդ տարի Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում՝ սկսած Աֆղանստանից մինչև այստեղի պատերազմը, տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը՝ լինի Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրասիայում, կամ հնարավոր է՝ համաշխարհային մակարդակով ևս»:
Գագաթնաժողովի քննարկումների երկրորդ մասը լինելու է ապագայի մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու ու փոխում աշխարհը։ «Արդյոք մենք նկատում ենք, որ աշխարհը փոխվել է»,-հարցրեց նախագահը:
Նա հիշեցրեց հաջորդ տարի սպասվող չորրորդ գագաթնաժողովի մասին՝ նկատելով, որ անցյալ տարվա երկրորդ և այս տարվա երրորդ հայկական գագաթնաժողովների միջակայքում աշխարհը կտրուկ փոխվել է։
«Եղավ համավարակը, որը համաշխարհային իրադարձություն է, և բոլորին է ցավ պատճառել»,-ասաց նախագահն ու նշեց՝ դա համաշխարհային ողբերգություն է:
Նա շեշտեց՝ երբ համավարակը տարածվում էր, ընդունված էր մտածել, որ մարդիկ պետք է որոշակի վարքագիծ դրսևորեին։
«Դա ինձ հիշեցնում է Քիփլինգի պատմություններից մեկը ջունգլիների մասին, երբ մեծ վտանգ կար, չկար ջուր, բոլոր կենդանիները, նույնիսկ առյուծները, վագրերը, դադարեցին կռվել և բոլորը միասնական գնացին դեպի ջուրը, դեպի կյանք։ Երբ ամբողջ աշխարհում COVID-19 էր, որն իր հետ բերեց համաշխարհային ողբերգություն, մեր հարևանները Քիփլինգի հերոսների նման իրենց չդրսևորեցին, և մենք պատերազմ ունեցանք»,-ասաց Սարգսյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանում կրկնակի ողբերգություն է եղել, հայրենակիցները զոհվել են ոչ միայն համավարակի «ռազմաճակատում», այլ նաև՝ պատերազմում։
Նախագահը, կրկին ողջունելով մասնակիցներին, համագործակցության հույս հայտնեց՝ շեշտելով, որ գագաթնաժողովը ապագայի, տարածաշրջանի ապագայի մասին է:
comment.count (0)