Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ
11:49 - 31 հոկտեմբերի, 2021

Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական սատարման համար՝ շեշտադրելով հարաբերությունների ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը:

Նա ընդգծել է, որ Կալիֆորնիայի կողմից ԱՀ անկախության ճանաչման 2014թ. բանաձևը ոչ միայն քաղաքական ակտ էր, այլև՝ պատուհան է բացել գործնական համագործակցության համար, որի ուղղությամբ արցախյան կողմը պատրաստ է հստակ միջոցներ ձեռնարկել:

Ադրին Նազարյանը և Էնթոնի Փորթանթինոն պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել առկա հարաբերությունները:

Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի քաղաքների հետ համագործակցության եզրերի շուրջ՝ երկուստեք կարևորելով և՛ նյութատեխնիկական աջակցությանը, և՛ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել