Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ընդունել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թթ․ ազգային ծրագիրը։
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառների հիմնական առաջնահերթությունները ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների (մասնավորապես, արևային էներգիայի) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նպաստելով էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։
«Հաշվի առնելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի տնտեսության զարգացման և ազգային անվտանգության համար, ՀՀ-ն որդեգրել է այն ամրապնդելու և բարձրացնելու քաղաքականությունը և շարունակական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Ազգային ծրագրի մշակումը պայմանավորված է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման և ծառայությունների կազմակերպման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ կառավարության 2007 արձանագրային որոշմամբ հաստատված «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» ծրագրային հորիզոնը սահմանափակվում է 2020 թվականով։ Բացի այդ, վերջին տարիներին զգալի դրական տեղաշարժեր են արձանագրվել վերականգնվող էներգետիկայի արդիական աղբյուրների (մասնավորապես արևային) օգտագործման ընդլայնման առումով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր երկարաժամկետ ծրագիր՝ հաշվի առնելով վերջին տարիների զարգացումներն ու նախանշվող հնարավորությունները։
comment.count (0)