ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նախորդ երկու ամիսների հանրագումարով գրանցվել է արդյունաբերական արտադրանքի 1,9 տոկոս աճ՝ չնայած այն բանին, որ չեն աշխատել հանքարդյունաբերության հսկաները։
«Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-ձետրվարին աճել է 1,9 տոկոսով։ Սա, չնայած այն հանգամանքին, որ հունվար ամսին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1,1 տոկոսով։ Փետրվար ամսին արձանագրված 4,7 տոկոս աճի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1,9 տոկոս։ Ընդ որում, դա տեղի է ունեցել հետևյալ կարևոր պայմաններում․ ուզում եմ հիշեցնել, որ, ի տարբերություն նախորդ տարվա, Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկայական տոկոսը, արդեն մոտ մեկ տարի չի աշխատում»,- նշել է նա։
Վարչապետի խոսքերով՝ այս աճն ապահովվել է այն պայմաններում, երբ հանքարդյունաբերական ոլորտի երկու հսկաները, որոնք արդյունաբերական ցուցանիշների առյուծի բաժինն էին ապահովում, չեն աշխատել։
«Նրանց ճակատագրի հարցը, հուսով եմ, հարցուպատասխանի ժամանակ կքննարկենք, բայց ուզում եմ ասել՝ շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հետ կապված։ Այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս պրոցեսի մեջ, մեզ վստահեցնում են, որ շատ արագ մենք այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն՝ կվերաբացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)