Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի ղեկավարած պատվիրակությանը։ Դմիտրի Մարիյասինը նախարարին առաջարկել է քննարկել նախարարության համակարգման դաշտում գտնվող հարցերի լայն օրակարգը՝ գտնելով ընդհանուր մոտեցումներ և շփման կետեր։ Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է այս նպատակով պարբերականացնել հանդիպումները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմի հետ, քանի որ նախարարությունը ՄԱԶԾ առանցքային գործընկերներից մեկը պետք է լինի։
Նախարար Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, երկարաժամկետ նպատակները, անդրադարձել տնտեսության՝ զարգացման առավել մեծ ներուժ ունեցող հեռանկարային ոլորտներին։
Ներկայացվել է նաև ՄԱԶԾ գործունեությունը մարզային և գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ շեշտադրելով տեղի բնակչությանը գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի դերին՝ մարզային զբոսաշրջային կենտրոնների զարգացման գործում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական քննարկումների միջոցով անդրադառնալ առանձին ոլորտային ծրագրերին, ինչպես նաև տեղում ծանոթանալ և քննարկել որոշ մարզային ծրագրերի զարգացման հեռանկարները։
comment.count (0)