ՀՀ կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց 2021 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծը։
Նախագծով առաջարկվում է 2021 թ․-ի պետական բյուջեից հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ Ադրբեջանի կողմից 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակներում նշանակված, սակայն դեռևս սոցիալական աջակցություն չստացած (դրամական օգնություն նշանակած, սակայն չվճարված) շահառուներին դրամական օգնությունը վճարելու համար, ինչպես նաև նոյեմբեր ամսին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը և զոհված զինածառայողների ընտանիքներին՝ նրանց կողմից կատարված հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման ծախսերը փոխհատուցելու համար։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացնել 617 միլիոն 430 հազար դրամ՝ մի շարք միջոցառումների շրջանակում սոցիալական աջակցության իրավունք ձեռք բերած անձանց դրամական օգնություն տրամադրելու համար։
Նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին։
Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիներին, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին։
Առաջարկվում է նաև դրամական աջակցություն տրամադրել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա, և Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա աջակցության միջոցառումների համար։
«Անհետաձգելի ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարները նախատեսվում է հատկացնել ՀՀ 2021 պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից»,-ասված է կառավարության ներկայացրած նախագծում։
comment.count (0)