ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է1999-2000 թվականներին, «Ազատություն» ռադիոկայանի «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։
«1999 թվականի հունիս ամսին Սադարակում հանդիպում ենք Քոչարյանը, ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Հեյդար Ալիևը։ Եվ այնտեղ այդ հարցը քննարկվում է, որից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և ներկայացնում այս տարբերակը՝ ասելով, որ սա այն դրական տարբերակն է, որը կապահովի Հայաստանի զարգացումը։ Սրան, բնական է, ես առարկություններ եմ ունեցել, ասել եմ, որ սա տարբերակ է․․․ նու, մանրամասներին չեմ ուզում այսօր անդրադառնալ։ Սա է եղել։ Բացի դրանից, ես մասնակցել եմ բանակցությունների հոկտեմբերի 27-ից հետո, երբ, կարելի է ասել, դիակները դեռ չէին սառել։ Համանախագահները հանդիպել են ինձ հետ և ներկայացրել այս տարբերակը, որտեղ ես նույնպես ասել եմ, որ այն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Մանրամասները ես հետագայում կներկայացնեմ՝ ինչպես ա դա եղել, ինչ տարբերակներ ա քննարկվել և ինչպես ա ավարտվել»,- ասել է Հարությունյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ է հասկանում, որ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ քննարկել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը, պաշտպանության նախկին նախարարն ասել է․ «Ես ասում եմ, որ մենք գնացել ենք բանակցությունների, որտեղ այդ տարբերակի մասին խոսք է գնացել, և Ադրբեջանի պաշտպանության նախարարը դրա մասին ինձ ներկայացրել է։ Նորից եմ ասում՝ հիմա չեմ ուզում մանրամասնել, թե ինչ տարբերակ ա եղել, դրան կանդրադառնամ որոշ ժամանակ անց»։
«Ժամանակը կգա, մանրամասները կներկայացնեմ, կարող ա նաև փաստաթուղթ ներկայացնեմ, չգիտեմ, կնայենք»,- նշել է Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Քոչարյանը ինչ հիմնավորումներ էր ներկայացնում՝ համոզելու, որ սա լավ տարբերակ է։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքերով՝ որպես վարկած՝ իհարկե կապ տեսնում է այս տարբերակի քննարկման և հոկտեմբերի 27-ի իրադարձությունների միջը։
«Պետք է ուսումնասիրել և գալ եզրակացության։ Կան այստեղ հիմքեր, քանի որ Վազգեն Սարգսյանը դեմ էր, Դեմիրճյանը դեմ էր, ինչի մասին խոսել է նրա ընտանիքը։ Վազգեն Սարգսյանի դեմ լինելու մասին կա նաև գրառում իր գրքում, որտեղ խոսում ա Մեղրիի նշանակության մասին։ Ավելին ասեմ՝ պատերազմի ժամանակ մենք շատ լավ գիտակցում էինք այդ վտանգը՝ Նախիջևանից դեպի Ղարաբաղ հարված Սյունիքով։ Ու մենք էնտեղ տեղակայել էինք զորքեր, որ կանխենք այդ հարձակումը Նախիջևանից։ Եվ ընդհանրապես, այդ տարբերակը ոչ թե հիմա է առաջ եկել, այլ եղել ա միշտ ու կլինի, քանի որ Թուրքիայի գաղափարախոսության իրականացման ճանապարհն է։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռ 1930-ական թվականներին Թուրքիան փոխանակել է Իրանի հետ տարածքներ ու ստացել ցամաքային կապ Նախիջևանի հետ։ Սա առաջին փուլն էր, երկրորդ փուլը պետք է լիներ Արբեջանը Նախիջևանի հետ միացնել Մեղրիով, ինչի մասին խոսվում է իրենց նեոօսմանիզմի գաղափարախոսության մեջ, և դուրս գալ դեպի Միջին Ասիա ու հասնել Չինաստան»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը։
comment.count (0)