news.am: Անընդհատ ստանալով նույնաբովանդակ բողոքներ Պետական եկամուտների կոմիտեում թափուր հաստիքների ընդունման մրցույթների մասին՝ ստիպված եմ դրանցից մեկը հրապարակել։ Այս մասին Աժ հայտարարությունների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՊԵԿ–ում շարունակում են ծանոթով ու բարեկամով աշխատանքի տեղավորվել. «Կարծես թե մրցույթը պետք է ընթանա իր նորմավորված ընթացքով, սակայն նշանակումները, այն էլ՝ Շիրակի մարզում, լինում են ծանոթ-բարեկամի միջոցով։ Ստացել եմ մի նամակ, որը ստիված եմ հրապարակել։ Արմեն Հակոբյանին Շիրակի մարզում ճանաչում են որպես «օպերի Արմեն», նա եղել է Հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, եւ նրան ճանաչում են որպես հարկերից խուսափող Հարկայինի աշխատող։ Այս մարդն այսօր նորից Շիրակի մարզում նշանակվել է օպերի պետ, ընդ որում նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Մեր դիմումատուների դիմումների հիման վրա դիմել եմ ՊԵԿ-ին՝ պարզաբանում ստանալու, որի պատասխանը եղել է հերթական «լոլոներից», որ ընթացակարգով է եղել»։
Սոֆյա Հակոբյանը շեշտեց՝ եթե Դավիթ Անանյանը վստահ է, որ վստահելի մարդու է նշանակել օպերի պետ, ապա պետք է իմանա, որ նա բացարձակ վստահելի չէ. ««Օպերի Արմենը» նշանակումներ է անում ոչ թե մրցութային կարգով, այլ նրան, որին համարում է իր ծանոթը, բարեկամը, վստահելին։ Տեղի է ունենում մի վիճակ, երբ հենց հունվարին մրցույթը հաղթահարում են անձինք, սակայն նրանցից որեւէ մեկը չի նշանակվում, փոխարենը նշանակվում են պատահական անձինք, որոնք հենց այդ մարդու «դաբրոյով» են հասել այնտեղ»։
comment.count (0)