Երևանում վերաբացվելու է Կալիֆոռնիա-Հայաստան առևտրի գրասենյակը
05:46 - 27 մարտի, 2019

Երևանում վերաբացվելու է Կալիֆոռնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

Մարտի 25-ին Կալիֆորնիայի նահանգային սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած 302 բանաձևին, որը կարտոնի Երևանում Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացումը: Բանաձևին աջակցել են հանձնաժողովի թե հանրապետական, թե դեմոկրատական սենատորները:

Նախագծի քննարկումներին մասնակցեց հատուկ այդ նպատակով Սակրամենտո մեկնած ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի հանձնաժողովում ունեցած ելույթում հիմնավորումներ ներկայացրեց Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի կարևորության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ձևավորվել է վիթխարի գործարար ներուժ, որի իրագործմանն էլ կծառայի գրասենյակի գործունեությունը:

«Իբրև ՀՀ գլխավոր հյուպատոս, իմ կարևորագույն առաջնահերթություններից է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական գործակցության շեշտակի ընդլայնումը: Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը փոխշահավետ կլինի և էապես կխթանի Կալիֆորնիայից Հայաստան ներդրումները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործունեությունը»,- նշեց Արմեն Բայբուրդյանը և երախտագիտություն հայտնեց սենատոր Պորտանտինոյին բանաձևը նախաձեռնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել