Երևան-Արմավիր երթուղու թնջուկը նախարարության և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում է
12:45 - 27 մարտի, 2019

Երևան-Արմավիր երթուղու թնջուկը նախարարության և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում է

armenpress.am։ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ վարորդները կառավարության շենքի դիմաց կրկին գործադուլի են դուրս եկել՝ բողոքելով անօրինական ուղևորափոխադրումներից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նախարարի հանձնարարականով խնդիրն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

«Բանն այն է, որ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել մրցույթում և ուղևորափոխադրումն իրականացնում է նոր մեքենաներով՝ 500 դրամ սակագնով:

«Ալ տրանս» ընկերությունն էլ ուղևորափոխադրումներ իրականացնում է Երևան- Մեծամոր, Երևան- Մյասնիկյան գյուղ ուղղությամբ՝ գազել մակնիշի ավտոմեքենաներով՝ 400 դրամ սակագնով: Երևան-Մյասնիկյան գյուղ հատվածում կա Արմավիր կանգառ, որտեղից վարորդները ուղևոր են վերցնում: Երևան-Արմավիր երթուղին սպասարկող ընկերությունն էլ մեղադրում է մյուս ընկերությանը ուղևորներ տանելու մեջ»,-ասաց նա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները տեսչական մարմնի հետ աշխատանք են տանում ամենօրյա ռեժիմով: «Մենք պարբերաբար փոխադրողների հետ հանդիպում ենք, բացատրական աշխատանքներ ենք տանում, փորձում ենք ամեն կերպ խնդիրներին լուծում տալ: Ես անձամբ եմ այնտեղ եղել և ոչ մի խախտում չի գրանցվել թե՛չվացուցակների, թե՛ապօրինի ուղևորափոխադրողների հետ կապված»,-ընդգծեց նա:

Արզումանյանը նշեց, որ անօրինական ուղևորափոխադրումների խնդրին կարող է լուծում տալ միասնական տրանսպորտային համակարգը: «Մենք կունենանք գործիքակազմ, որը հնարավորություն կտա որակով սպասարկում իրականացնել»,-հավելեց նա:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Երևան-Արմավիր ուղևորափոխադրման համակարգում ժամանակին ուղևորահոսքի ճիշտ հաշվարկում չի արվել, չվացուցակները ճիշտ չեն կազմվել:

«Արմավիր քաղաքը տարանցիկ կետ է և թույլատրել են բոլոր ուղևորափոխադրողներին այնտեղ կանգառ կատարել, ինչն էլ հանգեցրել է շահերի բախման, դրան գումարվում են ապօրինի ավիափոխադրումները, կանոնավոր ուղևորափոխադրման գնին մոտ արժեքով տաքսի ծառայությունները»,-ասաց նա:

Հիմա սպասում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում տեղի ունենա համապատասխան փոփոխություն, որպեսզի վերահսկողական գործառույթը լինի լիարժեք»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը դիմում է ՊԵԿ-ին, վերջինիս համապատասխան ստորաբաժանումներն էլ համապատասխան արձանագրություն են կազմում և վարչական վարույթ են իրականացնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել