Հունաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Թուրքիայի դեսպանին |news.am|
08:41 - 27 մարտի, 2019

Հունաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Թուրքիայի դեսպանին |news.am|

news.am: Հունաստանի ԱԳՆ-ն Աթենքում Թուրքիայի դեսպան Բուրաք Օզուգերգինին բողոքի նոտա է ներկայացրել թուրքական կործանիչների հետ կապված միջադեպի առիթով, որոնք հետապնդել են ուղղաթիռը, որտեղ գտնվում էր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, տեղեկացնում է Ekathimerini-ն։

Ցիպրասն ուղեւորվում էր Էգեյան ծովի Ագատոնիսի կղզի՝ մասնակցելու 1821 թվականին օսմանյան կառավարման դեմ Հունաստանի ապստամբությանը նվիրված միջոցառմանը։ Մի քանի թուրքական կործանիչներ, խախտելով Հունաստանի օդային տարածքը, հետապնդել են ուղղաթիռը, որն ստիպված է եղել խուսանավել մինչեւ հունական կործանիչների հասնելը։ Այդ նույն օրը թուրքական կործանիչները 47 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի արեւելյան մասում։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել էին երկու երկրների պատվիրակությունների հանդիպման մասին՝ քննարկելու վստահության ամրապնդման միջոցները 1988 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա։

Աթենքը հայտարարում է, որ Թուրքիայի գործողություններն Էգեյան ծովում խախտել են 1988 թվականի համաձայնագիրը, որը նախատեսում է, որպեսզի երկու երկրները ձեռնպահ մնան ռազմական գործողություններից եւ խուսափեն զորավարժությունների անցկացումից զբոսաշրջային սեզոնին եւ հիմնական ազգային ու կրոնական տոների ժամանակ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել