Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում էին այսօր կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ:
Փաշինյանը նշել է. «Հայաստանի ազգային հավաքականի հարգելի մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, երջանիկ առիթ է ինձ համար այսպիսի ֆորմատով հանդիպումը և կարծում եմ՝ կարիք չկա ասելու, թե ինչքան կարևոր են բոլորիս համար ֆուտբոլը, այն հնարավորությունները, որ կարող են մեզ համար ստեղծվել ֆուտբոլի միջոցով:
Ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը:
Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն, և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա:
Ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ցնծության բազմաթիվ պահեր է պարգևել բոլորիս: Ինքս նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել եմ մարզադաշտից՝ իմ ընտանիքի անդամների հետ, և դա միշտ եղել է մեծ հաճույք: Իհարկե, եթե խաղի արդյունքը բավարարել է՝ առավել մեծ հաճույք է եղել, իսկ եթե այն այդքան էլ չի բավարարել՝ մենք շատ ուրախ և հպարտ ենք եղել, որ հավաքականի կողքին ենք այդ ծանր փորձության պահին: Այս առումով, հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հաջողություններ: Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում:
Իհարկե, հոգեբանությունը կարծում եմ ֆուտբոլում և ցանկացած մարզաձևում շատ կարևոր է և համոզված եմ, որ այստեղ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնց համար, սակայն, կարծում եմ, որ հանրային բարձր աջակցությունը նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ, որ առաջին կարևոր հոգեբանական պահը, որ պետք է ունենանք՝ հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ:
Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես ՀՀ վարչապետ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ: Շատ կարևոր է, որ խաղի որևէ պոտենցիալ արդյունք չվախեցնի մեզ, որովհետև շատ կարևոր է դուխով առաջ գնալը և մնացածն արդեն առավել ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարել: Հույս ունեմ, որ վաղվա խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, որովհետև օրինակ ինձ համար այդ զգացողությունը շատ կարևոր է ու ինքս էլ ներկա կլինեմ:
Իմ փորձից կարող եմ ասել, չգիտեմ, թե դա որքանով է կիրառելի ֆուտբոլում, բայց հաղթանակի կարևոր նախապայմանն իմ կարծիքով պարտվելուց չվախենալն է: Երբ վախենում ենք պարտվելուց՝ կարծես փակուղի ենք մտնում, վախենում ենք նաև գործելուց:
Ես հավատում եմ մեր հավաքականին, բարձր եմ գնահատում և սիրում եմ բոլորիդ, որովհետև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեր ազգային և պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն է ու մենք մեր էմոցիաներով, ջանքերով պետք է առաջին հերթին ամեն ինչ անենք, որ այդ խորհրդանիշն իրեն վստահ զգա, ամուր կանգնի ոտքերի վրա:
Եթե այն, ինչ գրված է ֆուտբոլի զարգացման ծրագրում, իրականացվի, որևէ կասկած չկա, որ մենք կունենանք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին այդ հաջողությունները պետք է ունենանք մեր մտքում՝ մնացած ընդունակությունները դուք հաստատ ունեք»:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ակադեմիա այցելելու, ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելու և հնչեցրած գնահատականների համար: ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:
«Բոլորս միասին պատրաստվում ենք վաղվա և առաջիկա բոլոր խաղերին, ցուցադրելու ենք շատ լավ խաղ: Բոլորս հավատում ենք, որ մեր տղաները վաղը պատվով հանդես կգան և ունենալու ենք հաղթանակ: Ինչպես Դուք նշեցիք՝ պարտության դեպքում էլ լինելու ենք ֆուտբոլիստների կողքին և կիսելու ենք այն, բայց, իհարկե, հաղթանակը շատ սպասելի է և բոլորս հավատում ենք, որ վաղն ունենալու ենք հաղթանակ»,- նշել է Վանեցյանը:
comment.count (0)