Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին
12:50 - 25 մարտի, 2019

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավա­տալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկան­խատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:

Մեծարգո պարոն վարչապետ,

Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավա­տալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկան­խատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:

Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման վրա ԿԱԻ-ի բոլոր աշխատակիցները ծանուցում են ստացել այն մասին, որ մարտի 31-ից կարող են լուծվել նրանց աշխատանքային պայմանագրերը: Այդ որոշման համար իբրև հիմք է ընդունվել այն, որ նախատեսվում է 2019թ-ին որոշակի միջոցառումներ «իրակա­նաց­նել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցում»:

Թվում է, թե առողջ բանականությունը հուշում էր, որ այդ որոշմանը հաջորդելու էին համապատասխան մրցույթների հայտարարումն ու անցկացումը, որոնց արդյունքում որոշակիություն կստանար ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցման չափը, այնուհետև դրա հիման վրա կվերանայվեր ԿԱԻ-ի հաստիքացուցակը, քայլեր կձեռնարկվեին նոր հաստիք­ցուցակից բխող կրճատումների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար պարզ լիներ աշխատանքային պայմանագրի շարունակման կամ լուծման հարցը:

Սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց, այլև իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ԿԳՆ-ն ս/թ փետրվարին իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԱԻ-ին՝ որպես ՓԲԸ, լուծարվելու է, և այնուհետև ստեղծվելու է կրթու­թյան ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Այս հայտարարությունն ավելի ընդլայնեց անորոշությունների շրջանակը, և մեծ հնչեղություն ստացան բազմաթիվ կասկածներ, հարցեր ու տագնապներ:

  • Եթե կառավարման խորհրդի որոշման մեջ հիշատակված միջոցառումներն իրոք մրցու­թային կարգով են իրականացվելու, ապա ինչո՞ւ է ԿԳՆ-ն առ այսօր ԿԱԻ-ին անմիջականորեն ներկայացնում բազմազան հանձնա­րա­րու­թյուններ ու պատվերներ, ընդ որում՝ առանց որևէ ֆինանսավորման: Ինչո՞ւ են դրանց կատարման դիմաց աշխատա­վարձեր վճարում ԿԱԻ-ի՝ նախորդ տարիների գործունեությամբ ստացված շահույթների խնայողությունների հաշվին. չէ՞ որ ավելի նպատակային կլիներ այդ շահույթն օգտագործել առաջադիմական այն­պիսի ծրագրերի համար, որոնց շնորհիվ կբարձրանար նաև ԿԱԻ-ի մրցու­նակությունը և կհաղթահարվեր ֆինանսավորման հնարավոր նվազեց­ման դժվարությունը: Տպա­վորություն է ստեղծվում, որ ԿԳՆ-ն արդեն երեք ամիս դիտավորյալ կասեցրել է ԿԱԻ-ի ֆինանսավորումը՝ այն տանելով լուծարման:
  • Եթե կյանքի կոչվի մյուս մոտեցումը, և ԿԱԻ-ն լուծարվի, այդ դեպքում մի՞թե միանգամից գործազրկություն է սպառնում կրթական համակարգում ծանրա­գույն պայմաններում իրենց ուսերին հսկայական բեռ կրող ԿԱԻ-ի աշխատա­կիցներին: Այդպիսի կասկածն անմիջապես բխում է ԿԳՆ-ի վերոհիշյալ հայտա­րարությունից, որում բացահայտ նշվում է, որ նորաստեղծ Հիմնադրամի համար հայտարարվելիք մրցույթում «կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի աշխա­տակիցները»: Հայտարարող կողմին՝ ԿԳՆ-ին, թվում է, թե մրցութին մաս­նակ­ցելու թույլտվությունը արժանապատիվ վերաբերմունք է փորձառու մասնագետի համար:
  • Եթե ԿԱԻ-ն լուծարվի, ի՞նչ է սպասվում նրա մասնաճյուղերին. չէ՞ որ մայրա­քաղաքից հեռու բնակավայրերի ուսուցիչների համար մասնաճյուղերը մեթո­դական աջակցություն ցուցա­բերող միակ հենարաններն են, մի՞թե գործող մաս­նաճյու­ղերին ևս սպառնում է տեխնի­կական և մասնագիտական ներուժի փոշիացման այն ճակատագիրը, ինչին մեկ տարի առաջ նախորդ իշխա­նության կողմից «արժանացան» նրանցից չորսը՝ Արարատի, Արմա­վիրի, Արագածոտնի և Արցախի մասնաճյուղերը:
  • ԿԱԻ-ի լուծարման դեպքում ի՞նչ է սպառնում նրա կողմից հիմնադրված տասը անուն մասնագիտական ամսագրերին, մի՞թե 2018թ. ամբողջ տարվա ընթաց­քում ամսագրերի հրատարակման գործընթացի՝ որևէ արդարացում չունեցող ընդհատումը իվերջո հան­գեցնելու է դրանց դադարեցման, չէ՞ որ առանց մաս­նագիտական պարբերականների անհնար է պատկերացնել գիտա­մանկա­վարժական մտքի առաջընթացը:
  • Ի՞նչ գործառույթներ և կառուցվածք է ունենալու այդ նոր կազմավորվող կառույցը: Ինչպես բացատրել ԿԳՆ-ի այն մոտեցումը,ըստ որի՝ փորձ էարվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության, առանց նրա մասնագիտական ներուժի օգտագործ­ման, առանց բավարար հրապարակայնության:
  • Վերակազմավորվող կառույցում նախատեսվու՞մ են արդյոք գործառույթներ նաև մշակույթի և սպորտի վերաբերյալ. չէ՞ որ պետական կառավարման լիա­զոր մարմինը այսուհետ ներա­ռե­լու է նաև այդ բնագավառների գործու­նեության կանոնակարգումը:

Վերոհիշյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները դեռևս շատ անորոշ են, դրանց վերաբերյալ չեն եղել մասնագիտական հետազոտություններ, մասնագիտական հանրու­թյունը մեկուսացվել է քննարկումներից, և գործընթացները ծավալվում են ժողովրդավարական սկզբունքներին անհարիր եղանակներով:

Նախարարի հետ ԿԱԻ կոլեկտիվի օրերս կայացած հանդիպումը ևս անպա­տասխան թողեց նաև հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է լուծարվում ԿԱԻ-ն,
  • Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու նոր ստեղծվող կառույցը,
  • Ի՞նչ կառուցվածք է այն ունենալու,
  • Ինչո՞ւ չի կարելի ԿԱԻ-ի շրջանակներում իրականացնել հստակ բարեփո­խումներ՝
  • վերանայելով նրա գործառույթները, կառուցվածքը և կադրային համակազմը:

Ավելին, այդ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ոչ թե ստեղծվելու է առանձին կառույց, այլ համակարգի նմանատիպ բոլոր կառույցները միավորվելու են մի հիմ­նադրա­մի մեջ: Իսկ սա արդեն անսպասելի մի նոր մոտեցում է, ինչը վկայում է, որ ԿԱԻ-ի վերա­կազ­մավորման քայլերը օրեցօր փոփոխվում են, այսինքն՝ հարցը բոլորովին նախապատրաստված չէ:

Ուստի խնդրում և պահանջում ենք՝

  • կանխել ԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը,
  • հստակեցնել ապագա կառույցի գործառույթները, դրանց իրականացմանն անհրաժեշտ համապատաս­խան կառուցվածքային մոդելը,
  • առաջարկվող մոտեցումները դնել քննարկման ԿԱԻ-ում և կրթական հանրության լայն շրջանակներում,
  • ԿԱԻ-ի վերակազմավորման հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և ծրագրային առաջարկություններ մշակելու նպատակով ձևավորել մասնագի­տական հանձնախումբ,որում ներառված կլինեն նաև ԿԱԻ-ի ներկայա­ցուցիչները,
  • ԿԱԻ-ի փոխարեն հիմնվող նոր կառույցի ձևավորումը ավարտելուն զուգահեռ ձեռնամուխ լինել ԿԱԻ ՓԲԸ-ի լուծարման գործընթացի իրագործմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել