Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ․ Կարին Տոնոյան
19:46 - 28 նոյեմբերի, 2021

Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ․ Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է գալիս 1 շաբաթ արդեն շարունակվող «Ազատագրական շարժումից» ու իր պայքարը կշարունակի առանձին։

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու..... համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա: Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել