24news.am: «Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանը եղել է Սովետական միության սիլիկոնե հովիտը», - ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահ լինելով, որ Հայաստանը գիտական պոտենցիալ ունեցող երկիր է։
«Մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ և երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից, ըստ էության, տեղի է ունենում այս բանավեճը, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, և ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, և ի՞նչ կարող են տալ նրանք ընդհանրապես իրար։ Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը», - ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ այս կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիական երկիր, և հույս հայտնել, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ ԳԱԱ-ն, ողջ թափով կսպասարկի քաղաքական այդ տեսլականը։
«Եթե որևէ խոսակցություն սկսում է փողից՝ փող կա՞, թե՞՝ չկա, շատ արագ մտնում ենք փակուղի։ Երբ մենք հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքները փող միշտ էլ կգտնվի։
Մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգն՝ առանձին։ Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը, և դա պետք է արվի հետևյալ կերպ՝ գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացին, ինչը նաև ենթադրում է, որ ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ», - ասել է Փաշինյանը։
comment.count (0)