armenpress.am: Վերջին շրջանում հանրային սննդի տարբեր օբյեկտներում քաղաքացիների թունավորումների դեպքերը որևէ ձևով միմյանց հետ առնչություն չունեն, հումքի մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվել, ՍԱՏՄ-ն եզրահանգել է, որ պարզապես չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները, առկա է մարդկային գործոն: Այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Ընդհանրացված խնդիր, որպես այդպիսին, չկա: Այսինքն աղբյուրը նույնը չէ: Երկու դեպքում էլ մենք ունեցել ենք երկրորդային վարակման հարց: Երբ ստուգեցինք սնունդը, կիսաֆաբրիկատները, մենք գտանք հարուցիչներ, բայց հումքի մեջ այդ հարուցիները չկային: Այսինքն՝ մենք եկանք այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, սանիտարահիգիենիկ պայմանների խախտման պատճառով է եղել դա»,-ասաց Ավետիսյանը:
Թունավորման դեպքերը որևէ ձևով ընդհանուր կապ չունեն իրար հետ: ՍԱՏՄ-ն ևս մտահոգություն, կասկած է ունեցել, որ Հայաստան է մուտք գործել արդեն իսկ թունավորված թռչնամիս, սակայն այդ կասկածները հերքվել են: Երրորդ երկրներից ներմուծվող թռչնամիսը Հայաստան է ներմուծվում միայն սահմանին լաբորատոր հետազոտություն անցնելուց հետո, սակայն ԵԱՏՄ-ից եկող թռչնամիսը չի անցնում այդ հետազոտությունը սահմանին: Քանի որ ապրանքը տեղաշարժվում է նույն մաքսային տարածքի շրջանակում, զննվում են միայն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:
«Մենք սկզբում այդ կասկածն ունեինք, դրա համար հետագծելիությամբ մատակարարի և ներմուծված հումքի լաբորատոր հետազոտություն էլ արեցինք, և պարզվեց, որ հումքի մեջ այդ հարուցիչները չկան: Դա մեզ թույլ տվեց եզրակացնել, որ խնդիրը հումքի մեջ չի եղել, խնդիրն ավելի շատ մարդկային գործոնն է եղել: Բոլոր կազմակերպությունները տարբեր թռչնամիս էին օգտագործել»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը:
ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում՝ ըստ պլանի, նաև բողոքների հիման վրա: Ավետիսյանը նշեց, որ անգամ լավագույն համակարգ ունեցող պետություններում թունավորումներ լինում են և լինելու են, քանի որ կա մարդկային գործոն: ՍԱՏՄ-ն տարվա ընթացքում հայտնաբերել է ընդհանուր 18 թունավորման դեպք, որոնցից մի մասի դեպքում եղել է մարդկային գործոնը, մի մասն էլ՝ սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի հետ սխալ վարվելակերպն է: Ավետիսյանը վստահեցնում է, որ բոլոր տեղերում, որտեղ խնդիր էին հայտնաբերվել, հիմա ամբողջությամբ վերացվել են: Բոլոր տեղերում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանների խախտում է նկատում տեսչական մարմինը, կասեցնում է գործունեությունը և տալիս ժամանակ՝ վերացնելու դրանք:
«Թունավորման պահին սննդի օբյեկտներում եղած ամբողջ սննդամթերքը ոչնչացվել է, և ախտահանման աշխատանքներ են իրականացվել, որից հետո միայն թույլ ենք տվել, որ շարունակեն գործունեությունը»,-ասաց Ավետիսյանը:
comment.count (0)