news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին հակասում է միջազգային իրավունքին եւ անմիջականորեն առնչվում է Լիբանանի շահերին: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր արաբական ումման իրավամբ սև օր է ապրում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Թրամփը հայատարարել է Գոլանի բարձունքների վրա Իսրայել պետության ինքնիշխանության ճանաչման մասին: Սա, բնականաբար, առնչվում է նաև ուղղակիորեն Լիբանանի շահերին: Մենք կարծում ենք, որ արտասահմանյան պետության ղեկավարն իրավունք չունի կարգադրություններ կատարելու օտար տարածքների վերաբերյալ: Դրանից բացի, դա հղի է սոցիալական լարվածության թեժացմամբ՝ էլ չասած այն մասին, որ նման քայլերը բացահայտորեն հակասում են միջազգային իրավունքին եւ ՄԱԿ ԱԽ որոշումներին»,- հայտարարել է նա ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հռչակագիրը ստորագրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ այս որոշումը դատապարտել էին Պարսից ծոցի երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան եւ Կատարը:
Մինչեւ 1967 թվականը Գոլանի բարձունքները համարվել են Սիրիայի մասը: Բարձունքների երկու երրորդը Իսրայելը գրավել է 1967 թվականի հունիսի սկզբին Վեցօրյա պատերազմի ժամանակ: 1981 թվականի դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել Գոլանի բարձունքների վրա իսրայելական իրավազորության տարածման մասին:
ՄԱԿ ԱԽ-ն այս որոշումը չի ընդունել: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բազմիցս բռնազավթումն ապօրինի է որակել եւ Իսրայելին կոչ արել Գոլանը վերադարձնել սիրիացիներին:
comment.count (0)