Շատ բուհերի ղեկավարներ չունեն գիտակցումը, որ պետք է ներդնեն հակապլագիատի գործիքներ․ Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|
10:35 - 26 մարտի, 2019

Շատ բուհերի ղեկավարներ չունեն գիտակցումը, որ պետք է ներդնեն հակապլագիատի գործիքներ․ Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

tert.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով կարգելվի կուրսային և դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը:
«Տարիներ շարունակ ինչ-որ օֆիսներ վաճառել են դիպլոմայիններ, կուրսայիններ և դրանով իսկ ազդել են կրթության որակի վրա»,- ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ ներկայացնելով նախագիծն` ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իրականում խնդիրը բազամաշերտ է, որովհետև այն չպետք է օրենսդրական կարգավորում ստանար: «Եթե մեր բուհերն ունենային նորմալ հակապլագիատի գործիքներ, այս խնդիրը չէր առաջանա: Բուհերի հետ բազմաթիվ քննարկումներս ցույց են տվել, որ շատ բուհեր և բուհի ղեկավարներ չունեն այդ գիտակցումը, որ պետք է ներդնեն հակապլագիատի գործիքներ: Ես նրանց նաև ճանապարհն եմ նշել, որ պետք է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ և այդտեղ տեղադրել հակապլագիատի գործիքներ,երբ ուսանողը ներբեռնի աշխատանքը, ապա պլագիատը միանգամից հայտնաբերվում է»,- ասաց պատգամավորը:

Հովհաննիսյանը նշեց, որ մի փոքր ուսումնասիրություն է արվել և ցավալի իրավիճակ է, երբ այդ կազմակերպություններում կան նաև արտարգրություններ, որոնց համար տրվում են գումարներ: «Սա նշանակում է, որ ՀՀ-ում կան դասախոսներ, որոնք շարունակում են թելադրություն անել լսարանում, իսկ ուսանողը վերցնում է ընկերոջ աշխատանքը, տանում է գումարով տալիս է, որ արտագրի այլ տետրի մեջ, սա ուղղակի խայտառակություն է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` նմանատիպ երևույթները կանխարգելելու համար առաջարկվում է արգելել գովազդը: Նա նշեց, որ սա նախազգուշական օրինագիծ է: «Հաջորդ քայլով պատրաստվում եմ «Կրթության մասին» և «Առևտրի ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկել, որով ընդհանրապես կարգելվի նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը»,- ասաց նա:

Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` անհրաժեշտ է կուրսայիններ, դիպլոմայիններ վաճառող կազմակերպություններն ընդհանրապես հանել բուհերի շրջակա տարածքներից: «Էլ չասեմ, որ շատ անբարեխիղճ մարդիկ`դասախոսներ, լաբորանտներ և այլն, համագործակցում են այդ կազմակերպությունների հետ և պատրաստի աշխատանքներն ամբիոնից տրամադրում են այդ կազմակերպություններին, և դրանք էլ ծիծաղելի ցածր գներով վաճառում են ուսանողների վրա»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` այդ կազմակերպությունները խաբեության են դիմում: «Ուսանողը տանում է իր աշխատանքը տպելու, նրանք դա պահում են իրենց համակարգչի մեջ, հետագայում վաճառում են մեկ այլ ուսանողի, նմանատիպ դեպքեր ևս կան»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել