Պետական մարմնին զուգահետ շարունակում ենք պահել մի մարմին, որը կատարում է պետականի գործառույթները․ Ատոմ Ջանջուղազյան
08:40 - 29 մարտի, 2019

Պետական մարմնին զուգահետ շարունակում ենք պահել մի մարմին, որը կատարում է պետականի գործառույթները․ Ատոմ Ջանջուղազյան

Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց․ «Ներկայումս նախարարության կողմից տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվում են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող երեք ծրագրեր՝ ՏՏ ոլորտի խթանման ծառայություններ, որը, ըստ էության, «Հայ-հնդկական գերազանցության կենտրոնն» է, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում, և ինչպես գիտեք, այս տարի մենք ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպումն ենք ֆինանսավորում, որի կարևորությունը կուզեի ընդգծել: Բյուջեի այս մասով նախատեսված է եղել նաև այլ ծառայությունների պատվիրակում՝ ձեռնարկությունների ինկուբատորի։ Այդտեղից հանվել է այն մասերը, որոնք չեն վերաբերում այս երեք ծառայությունների իրականացմանը»։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց, որ այս ծրագրերը շատ կարևոր են, սակայն ասաց, որ մտահոգություն ունեն դրանց իրականացման եղանակների հետ կապված։ «Համաշխարհային համաժողովի հետ կապված չենք արտահայտել մտահոգություն՝ գիտակցելով, որ դա մեկանգամյա, միանվագ և չափազանց կարևոր, մասշտաբային միջոցառում է, հետևաբար իրականացման ավելի լավ եղանակ դժվար էր մտածել։ Ինչ վերաբերում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմանդրամին, ապա այս դեպքում մեր մտահոգությունը կապված է նրա հետ, որ շարունակում ենք պահպանել մեկ ծրագրի իրականացման գրասենյակ, որովհետև հիմանդրամը ձևավորվել է 2001-ին՝ որպես այդ նույն անվամբ ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրվող վարկի իրականացման գրասենյակ։ Ստացվում է՝ շարունակում ենք անժամկետ՝ չունենալով ելքի ծրագիր։ Պարզ չէ, թե հետո ինչ է տեղի ունենալու։ Պետական մարմնին զուգահետ ստեղծվել է մի մարմին, որը կատարում է պետական մարմնի գործառույթները։ Եվ հիմնավորման մեջ, որտեղ նշված է՝ բացառիկ գործառույթ է իրականցում, առնվազն բացատրության կարիք կա, թե ինչ բացառիկ գործառույթի մասին է խոսքը»,- ասաց նա։

Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ կիսելով այն մոտեցումը, որ եթե կա կազավարչական մարմին, դրան զուգահեռ այլ մարմիններ չպետք է լինեն, և բոլոր ռեսուրսները այս պահին մենք կենտրոնացնում ենք նոր ստեղծվող նախարարության շրջանակներում։ Այնուամենայնիվ, ուզում եմ կարևորել Գյումրու և Վանաձորի տեխնոլոպարկերի և հայ-հնդկական կենտրոնի ծրագրերւ՝ նշելով, որ դրանք ի սկզբանե Կառավարության որոշմամբ 20 տարվա կառավարման են տրվել այդ հիմնադրամին։ Հիմա մենք մինչև տարվա վերջ այս ծրագրերը կհամադրենք նախարարության տեսլականին և մյուս տարվանից կառաջնորդվենք ըստ դրա ու հստակ նախաձեռնությամբ հանդես կգանք»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել