Կառավարությունը նախատեսում է Սյունիքի մարզի 14 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների և Կապան քաղաքում 1 ԱԹՍ կրթական աշխատանոցի ստեղծում։ Որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։
Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ ներկայումս բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի և առաջարկի զգալի անհամաչափությունը լրջագույն խնդիր է․ «ՀՀ-ում հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն անգնահատելի դեր ունեն, ուստի դրանց թվի աճն ու առկայությունը ՀՀ բոլոր բնակավայրերում կենսական անհրաժեշտություն է»։
Նախագծում շեշտվում է, որ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»-ը 2011 թ․-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը։
Նախագծի իրականացման համար նախատեսվում է դրամաշնորհային պայմանագրի հիման վրա 541 միլիոն դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին։
Լուսանկարը՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների
comment.count (0)