Մատենադարանի աշխատողների արհմիությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արձագանք Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Ո՞վ է «նոր ժամանակների հերոսը». երեկ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, թե ով է նա: Վարչապետի հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ առնվազն տարակուսելի են և չեն արտահայտում երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երիտասարդության տարիները համալսարանական կրթությանը նվիրած մարդիկ, որոնց վկայակոչում է վարչապետը, ամենից առաջ գիտնականներ են, հետազոտողներ, դասախոսներ և ուրիշներ:
Նրանց ստացած աշխատավարձերը, սակայն, տասնապատիկ անգամ ցածր են այն 1-2 միլիոն դրամ ամսական եկամտից, որը հիշատակեց երկրի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, աշխատավոր հանրույթը չի կարող միաբջիջ լինել. այն հավասարապես կարիք ունի թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական աշխատողների, որոնց իրավահավասար ու համերաշխ գոյակցության պայմաններում միայն կարող է հաջողություն ունենալ և ոչ մի դեպքում՝ ստորադասման:
Հեղափոխության գնալով՝ Հայաստանի հասարակությունը «հերոսների՞», թե՞ հավասարության, սոցիալական պաշտպանվածության և իրավունքների կարիք ուներ. այս հարցի պատասխանը մեկ տարի առաջ Հայաստանի հասարակությունը փողոցում տվել է:
Պետության պարտավորությունն է Նոր Հայաստանում վերականգնել տարիներ ի վեր ունեզրկման, շահագործման, բռնության ենթարկված հարյուր հազարավոր քաղաքացիների իրավունքները, առանց բացառության բոլոր քաղաքացիների համար ապահովել սոցիալական արդարության ու համերաշխության միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա պատշաճ կերպով իրացնել իր սահմանադրական իրավունքներն ու հիմնարար ազատությունները»։
comment.count (0)