Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ Կառավարության նիստում ՀԴՄ-ների ներդրման ՊՈԱԿ-ի գործունեության սահմանափակման հարցին։
«Որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից տասը օր անց՝ բացառությամբ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանափակմանը, որը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկից։ Նպատակն այն է, որ դեռևս ունենք չբավարարված հայտեր, և դրանք բավարարելու ու ՀԴՄ նոր խմբաքանակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ինչը մեր գնահատմամբ վեց ամիսն է։ ՊՈԱԿ-ը դադարեցնելու է իր ձեռնարկատիրական գործունեությունը ամբողջությամբ, երբ կանցնի այդ անցումային ժամանակահատվածը։ Այն բացառապես զբաղվելու է երեք գործառույթով՝ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին տրամադրելու է անվճար հսկիչ դրամարկղային մեքենաներ, դրանց անվճար տեխնիկական սպասարկումն է իրականացնելու, ինչպես նաև այն տնտեսվարողները, որոնք ցանկություն կունենան ոլորտում գործունեություն ծավալել և ներմուծել հսկիչ դրամարկղային մեքենաներ ու վաճառել դրանք կամ տեխնիկակն սպասարկում իրականացնել, այս դեպքում ՀԴՄ-ների տեխնիկական պարամետրերի հնարավորությունների համապատասխանության վերլուծություն պետք է իրականացնի և եզրակացությունը հրապարակի ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում»,- ասաց Դավիթ Անանյանը։
Հարցին, թե այս պահին քանի ներմուծող կա, նա պատասխանեց․ «Կդժվարանամ ներմուծողների թիվ նշել, բայց կան շուրջ տասը կազմակերպություններ, որոնք եկել ու չբացահայտման համաձայնագիր են կնքել ՊՈԱԿ-ի հետ»։
Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին, թե արդյոք նա կարծում է, որ ՊՈԱԿ-ի աշխատանքների դադարեցումից հետո այդ կազմակերպությունները պատրաստ կլինեն աշխատել սկսելու ու կփակեն դաշտը։ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպես է կարծում։ «Այսօր էլ արդեն կան կազմակերպություններ, որոնք ներմուծել են մեքենաներ ու աշխատում են մերոնց հետ»։
Ըստ նրա՝ այս պահին նոր սերնդի ՀԴՄ-ներից օգտվելու հայտ ներկայացրել է շուրջ 24 հազար կազմակերպություն, որից կեսը բավարարվել է, շուրջ
վեց հազար ՀԴՄ կտրոն արդեն տրամադրվել է, մոտ երեք հազար ՀԴՄ էլ կա, որ անձինք դեռևս չեն եկել ստանալու։
ՊԵԿ նախագան անդրադարձավ նաև բենզալցակայաններում ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ ահազանգերին՝ ասելով, որ բավական խիստ վարչարարություն է իրականացվում այդ մասով և որ շատ բենզալցակայաններ ՀԴՄ սարքերը հանել են դուրս ու դրել տեսանելի վայրում, որպեսզի հնարավորինս արագ տրամադրեն կտրոնները։ Ըստ նրա՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեմ անողոք պայքար է ընթանում։
comment.count (0)