Դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց, ինչը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն էր հայտնում արձագանքների և ջերմ խոսքերի համար։
«․․․ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- նշված էր Հայկ Մարությանի գրառման մեջ։
Այս գրառմանն արձագանքեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ Հայկ Մարությանի՝ 520 ավտոբուս ձեռք բերելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։
Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին , ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։
Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով, զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)»,- գրառման մեջ նշել է ավագանու անդամը։
Այս գրառմանն էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս տարօրինակ համարեց ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հաշվարկը՝ տրանսպորտային պարկի համալրման վերաբերյալ։
«1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։
2․ 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։
3․ Այսօր քաղաքապետ Մարությանը հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։
4․ Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։
Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։
Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։
511*100/850=60.11%»,- նշված էր Հակոբ Կարապետյանի գրառման մեջ։
Ի՞նչ չափանիշներ է առաջարկել Բրիտանական WYG ընկերությունը
Բրիտանական WYG International ընկերությունն իրականացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրը, որի աշխատանքների գործնական փուլը մեկնարկել է 2017 թվականին։ Ընկերությունը պարբերաբար ներկայացրել է աշխատանքի հաշվետվություն, վերջինը՝ 2019 թվականի հունվարի 30-ին։
Հաշվետվության 6-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկվում են տրանսպորտային համակարգի փոխադրամիջոցների տեսակները։ Դրանք 3 տեսակի ավտոբուսներ են՝ 7․5-8․5 մետր, 12 մետր և 18 մետր(միակցված) երկարությամբ, որոնք պետք է ունենան համապատասխանաբար 45-55, 90-100 և 150 ուղևոր տեղատարություն։
Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի առաջարկել միկրոավտոբուսների շահագործում, քանի որ նրանց կարծիքով միկրոավտոբուսներն անհամատեղելի են ժամանակակից քաղաքային ցանցի սպասումների հետ: Հաշվետվության համաձայն՝ թեև կան բնակելի նեղ թաղամասեր, սակայն բրիտանական ընկերությունը երթուղիների ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ բոլոր երթուղիները հնարավոր է սպասարկել առաջարկվող տրանսպորտային միջոցներով։
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտ թվաքանակին, ապա ընկերության առաջարկով դրանց թիվը պետք է լինի 946, որտեղ ներառված են նաև տրոլեյբուսների թիվը։ Միայն ավտոբուսների պահանջվող թվաքանակը 845 է։ Սակայն ներկա հավաքակազմի մեջ կան շահագործման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Ըստ ընկերության հաշվետվության՝ դրանց թիվը 283 է, որից 34-ը՝ տրոլեյբուս (հաշվետվությունը 2019 թվականի հունվարի 30-ի է, հետևաբար այս թվում ներառված չեն արդեն ձեռքբերված ավտոբուսները)։ Այսինքն՝ պահանջվող լրացուցիչ ավտոբուսների քանակը 2019 թվականի դրությամբ 596 է եղել։
Ավտոբու՞ս, թե՞ միկրոավտոբուս
2020 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ համայնքի բյուջեի միջոցներով պետք է ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք բերվեր։ Հաղորդագրության մեջ հիշատակվում էր 12 մետրանոց 100 ավտոբուսների մրցույթի մասին, որը հայտարարվել էր ՎԶԵԲ ֆինանսավորմամբ, սակայն նշվում էր, որ բացի դրանցից ավելի կարճ ժամկետներում ավելի փոքր տարողությամբ 100 ավտոբուս ձեռք կբերվի։
Նույն ամսվա 21-ին քաղաքապետարանը հրապարակեց սեփական կարիքների համար ավտոբուսների ձեռքբերման գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը։ Հայտարարության հենց երկրորդ պարբերությունում ընդգծված է, որ գնման առարկան ավտոբուսն է, իսկ 6-րդ հավելվածում ներկայացված է գնման առարկայի տեխնիկական բնութագիրը։ Համաձայն այդ բնութագրի՝ ավտոբուսները պետք է լինեն փոքր տեղատարողությամբ, առավելագույնը 17 նստատեղով, կանգնած ուղևորների տեղափոխման և հաշմանդամության սայլակի տեղավորման հնարավորությամբ։
Արդեն գնման պայմանագրում նշվում է, որ ձեռքբերված գնման առարկան համապատասխանում է ներկայացվող պահանջներին։
Այս ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական կայքում ձեռքբերված մեքենաների բնութագրին համապատասխան տվյալներով մեքենաները նշված են որպես ավտոբուս, ոչ թե միկրոավտոբուս։
Սակայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։
Ինչպես արդեն նշեցինք, քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Այսինքն՝ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։
Այսպիսով՝ քաղաքապետի խոսնակի պնդումը, թե 2020-ին ձեռքբերված 100 տրանսպորտային միջոցները ոչ թե միկրոավտոբուսներ են, այլ ավտոբուսներ, ճիշտ չէ։
Համայնքային բյուջեի և այլ միջոցներով ձեռբերումների մասին
Ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը առանձնացնում է նաև համայնքային բյուջեի և վարկային ու դրամաշնորհային միջոցներով ձեռքբերված ավտոբուսները՝ տպավորություն ստեղծելով, թե Հայկ Մարությանը պնդում է, թե տրանսպորտի պարկը թարմացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Ճիշտ է, Մարությանի հայտարարության մեջ առանձնահատուկ նշում չկա ոչ համայնքային միջոցներով կատարվող ձեռքբերումների մասին, սակայն բացառապես համայնքային միջոցներով ցանցի թարմացման մասին էլ պնդում առկա չէ։
Ինչ վերաբերում է թվային տվյալներին, ապա ինչպես արդեն նշեցինք, ըստ հետազոտության, Երևանի տրանսպորտային պարկը արդիականացնելու համար անհրաժեշտ է 845 ավտոբուս (որից 249-ը առկա են ներկա հավաքակազմում և ենթակա են շահագործման)։ 2021 թվականին քաղաքապետարանը ձեռք է բերել 211 ավտոբուս, հաջորդ տարի պետք է ձեռք բերվի ևս 200 ավտոբուս, ընդհանուր՝ 411։ Այսինքն՝ եթե տրանսպորտային պարկի արդիականացման ծրագրում չհաշվենք 2020 թվականի ձեռքբերված 100 միկրոավտոբուսները, ապա 2022 թվականին պլանավորված ավտոբուսների ձեռքբերումից հետո տրանսպորտային պարկը թարմացված կլինի 48․63%-ով։ Այլ հարց է բրիտանական ընկերության ներկայացրած առաջարկը բավարարելը, քանի որ, եթե հաշվենք ոչ թե տրանսպորտային պարկի ընդհանուր թարմացումը, այլ ընկերության հետազոտության հաշվետվությունում նշված ձեռքբերվելիք ավտոբուսների անհրաժեշտ քանակը, ապա հաջորդ տարի կունենանք հաշվետվությունում նշված քանակի ավտոբուսների 68․95%-ի չափով ձեռքբերված նոր ավտոբուսներ։
Այսպիսով, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պնդումը, թե 2020 թվականին ձեռք բերված տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են, ոչ թե միկրոավտոբուսներ, ճիշտ չէ, սակայն «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի իրականացրած հաշվարկը ևս մանիպուլյատիվ է։
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)