fip.am։ Այսօր՝ մարտի 29-ին, Ազգային ժողովի նիստին քվորում չապահովվեց, քանի որ գրանցվել էր ընդհանուր առմամբ 44 պատգամավոր, այնինչ քվորման համար անհրաժեշտ էր 67-ը։
Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները դա մեկնաբանում են տեխնիկական խնդիրների առկայությամբ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ քվորում չապահովվելու պատճառն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունից 35 պատգամավոր մեկնել է Արցախ։
FIP.am-ի թիմը, ուսումնասիրելով ԱԺ դահլիճի ցուցատախտակը և գրանցված պատգամավորների տեղաբաշխվածությունը, հետաքրքիր մանրամասներ արձանագրեց։
Մասնավորապես, համադրելով եղած տեղեկությունները, արձանագրեցինք, որ «Իմ քայլը» խմբակցությունից նիստին գրանցվել է թվով 9 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ 24 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստանից» նիստին ներկա էր 16 պատգամավոր։
Այլ կերպ ասած՝ իշխող խմբակցությունից նիստին բացակայում էր ընդհանուր առմամբ 79 պատգամավոր։ Հաշվի առնելով աjն, որ 35 պատգամավոր գտնվում է Արցախում, կարող ենք ասել, որ «Իմ քայլը» խմբակցությունից 44 պատգամավոր նիստին ներկա չէր:
Ի տարբերություն դրա՝ ընդդիմադիր խմբակցություններն ավելի պարտաճանաչ են գտնվել․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նիստից բացակայում էր 4 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ 5 պատգամավոր։
Հարկ է նշել, որ եթե անգամ այս խմբակցություններից բացականեր չլինեին, դարձյալ քվորում չէր ապահովվի, քանի որ չէր հերիքի ևս 14 պատգամավոր։
Հավելենք նաև, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս պահին գործուղման են պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, և Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստանից»։
comment.count (0)