Արցախում կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ
21:15 - 23 դեկտեմբերի, 2021

Արցախում կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ

Արցախի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022 թ. մարտի 24-ը:
 
Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:
 
Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝
 
հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ.
 
հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում են միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը.
 
հանվել է նաև աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
 
Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:
 
Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:
 
Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել