Քննարկվում են սցենարներ, թե դեմարկացիոն հնարավոր գործընթացների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ․ Փաշինյանը՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի մասին
21:45 - 24 դեկտեմբերի, 2021

Քննարկվում են սցենարներ, թե դեմարկացիոն հնարավոր գործընթացների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ․ Փաշինյանը՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի մասին

«Մենք հիմա խոսում ենք, որ պետք է սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա լինի․ քննարկում կա, թե որ թվի քարտեզներով պետք է տեղի ունենա այդ գործընթացը։ Կա 69 թվի քարտեզ, կա 75 թվի քարտեզ, ամենատարբեր քարտեզներ գոյություն ունեն։ Մենք հիմա էդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք եւ տեսնում, որ տարբեր տարբերակներով կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհներն էդ քարտեզներով որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից»։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Infocom-ի հարցի՝ արդյոք Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցում նախատեսվո՞ւմ է, եւ եթե այո, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը եւ ինչ նշանակության է լինելու այն։

Փաշինյանը մեկնաբանեց, որ հիմա նայում են հնարավոր սցենարներ, քննարկում, թե հնարավոր գործընթացների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե առաջանան, ապա ինչպես կարող են հաղթահարվել դրանք։

«1975-ի քարտեզներով ասենք Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն էսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի հսկողության տակ է իննսունականներից։ Պառավաքար գյուղինը՝ նույնպես, Այգեհովիտի վարելահողներից ոչ մեծ, բայց էական կտոր՝ նույնպես»,- նշեց նա։

«Այսինքն՝ մենք նայում ենք տարբեր սցենարներ, որ եթե սահմանն էսպես դեմարկացիա լինի, ինչ խնդիր կունենանք, մյուս սցենարով՝ ինչ խնդիր կունենանք, եւ էդպես շարունակ, որովհետեւ իրավիճակի նրբությունների մեջ պիտի խորանանք։ Մենք հիմա ուսումնասիրում ենք՝ պատմության ընթացքում ինչքան իրավական հիմք գոյություն ունի, ամբողջը դուրս ենք բերում, դա մեզ բանակցությունների համար էլ է պետք, որովհետեւ պիտի հասկանանք դաշտը։ Էնտեղ (նկատի ունի Կիրանց-Ոսկեպար ճանապարհը,-խմբ․), եթե նույնիսկ էդ խնդիրը ծագում է, խնդիրը մի քանի կմ-ի մասին է, երբեմն նույնիսկ մի քանի հարյուր մետրի մասին»,- նշեց վարչապետը։

Հիշեցնենք, որ Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել