ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները:
Ինչպես հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից, գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):
«ՀայՓոստի և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող մինչև 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Մեկտեղ նշվում է, որ հասարակ հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ, և ՀայՓոստը պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաև՝ չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։
comment.count (0)