armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Լրագրողների հետ այս թեմայով զրույցի տեսանյութը նա տեղադրել է իր Truth Social հարթակում։
Մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցը հիմնականում կենտրոնացած է եղել առևտրի թեմայի շուրջ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ լրագրողների հարցին պատասխանելիս Թրամփը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և առևտրի հարցերով գլխավոր բանակցող Ջեյմիսոն Գրիրը կմեկնեն Պեկին՝ չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման։
«Ինչպես գիտեք, մենք առևտրային համաձայնություն ունենք Չինաստանի հետ, բայց մենք պարզաբանում էինք որոշ կետեր», - հայտնել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սի Ծինփինն իրեն հրավիրել է Չինաստան, ինքն էլ Չինաստանի ղեկավարին է հրավիրել ԱՄՆ։
«Մենք երկուսս էլ ընդունել ենք (խմբ.՝ հրավերը)։ Այնպես որ, ես կգնամ այնտեղ առաջին տիկնոջ հետ ինչ-որ պահի, և հուսանք՝ նա կգա այստեղ Չինաստանի առաջին տիկնոջ հետ», - ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին չինական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սի Ծինփինն ԱՄՆ ղեկավարին կոչ է արել «չեղարկել Չինաստանի նկատմամբ ձեռնարկված բացասական միջոցները»։
Ըստ Xinhua գործակալության՝ Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինը միշտ պահել է իր խոստումները, և քանի որ երկու կողմերը համաձայնության են հասել, ապա պետք է պահպանեն այն։ Սի Ծինփինը նկատի է ունեցել մայիսի 10-11-ին Ժնևում երկու կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին, մինչև առևտրային համաձայնագիր կնքելը։
Կողմերը, սակայն, միմյանց մեղադրել են Ժնևում ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ։ ԱՄՆ-ն ավելի վաղ 145% մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանի նկատմամբ, ինչին Պեկինն արձագանքել էր 125% մաքսատուրքերով։
comment.count (0)