ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Լոս Անջելես է ուղարկվել 2,000 Ազգային գվարդիայի զինվոր՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո սկսված բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ապահովելու համար։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ասել է, որ Պենտագոնը պատրաստ է տեղակայել նաև մարտական զորքեր, եթե Լոս Անջելեսում բռնությունները շարունակվեն։ Նրա խոսքով՝ Քեմփ Փենդլթոնում տեղակայված ծովային հետևակայինները գտնվում են «բարձր պատրաստվածության» մեջ։
Թրամփը նախագահական հուշագիր է ստորագրել Ազգային գվարդիան ուղարկելու մասին՝ «օրինախախտությանը վերջ տալու» համար։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է որոշումը՝ այն անվանելով «սադրիչ»։
Նյուսոմը նաև խստորեն քննադատել է Հեգսեթի հայտարարությունները՝ նշելով, որ մարտական զորքերի հնարավոր տեղակայումն «անբարոյական» է։
Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ եթե նահանգային և քաղաքային ղեկավարները չեն կարող ապահովել կարգը, ապա «ֆեդերալ կառավարությունը կմտնի ու կլուծի հարցը՝ ինչպես պետք է»։
Ցույցերը ևս մեկ անգամ ընդգծում են լարվածությունը դեմոկրատական Լոս Անջելեսի և ներգաղթի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարող Թրամփի միջև։ ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վանսը դրանք անվանել է «օտար դրոշակներով դավադրություն», իսկ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Միլլերը՝ «բռնի ապստամբություն»։
Ավելի վաղ, բախումներ էին եղել Լոս Անջելեսում։ Ոստիկանությունը մահակներ ու արցունքաբեր գազ էր կիրառել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին։
Լուսանկարները՝ Reuters-ի։
comment.count (0)