ՀՀ ԱԳ նախարարը և Շվեդիայի ՄԶՀ նախարարն արժևորել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան
07:10 - 22 մարտի, 2019

ՀՀ ԱԳ նախարարը և Շվեդիայի ՄԶՀ նախարարն արժևորել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին:

Կողմերն արժևորեցին երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Նախարարներն առանձնահատուկ կարևորեցին բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը:

Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում:

Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության առավել ամրապնդմանը: Որպես կառավարության առաջնահերթություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

ՀՀ ԱԳ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ շվեդական կողմն իր ակտիվ մասնակցությունը կունենա այս միջոցառմանը:

Հանդիպման օրակարգում էին նաև բնապահպանության, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին անչվող հարցեր:

Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել