armtimes.com: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ամբողջովին վերակառուցվելու է, իսկ հիվանդանոցի ծառայությունների մի մասն իր վրա կվերցնի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները սկսվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Բ մասնաշենքից, բայց ապագայում բոլոր մնացած մասնաշենքերում եւս շինարարական աշխատանքներ են անցկացվելու:
«Աշխատակիցների եւ ծառայության հետագա ընթացքի մասին՝ ունենք հստակ պլան, թե ինչպես պետք է իրականացվի ծառայությունը, որ բժշկական կենտրոնի կողմից: Դուք գիտեք, որ վերջին երկու տարիներին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն ներգրավված է եղել քովիդ բուժման մեջ, այնտեղ մեր կողմից մեծաթիվ ներդրումներ են իրականցվել՝ վերանորոգման, հագեցման, եւ այս կենտրոնը պատրաստ է իր վրա վերցնել ինֆեկցիոն որոշակի ծառայությունների ապահովումը: Ինչ կապված է ընդհանուր ծառայության բովանդակության եւ մարդկային ներուժի օգտագործման հետ, բոլոր այն դեպքերում, երբ այս ծառայությունը կփոխակերպվի այլ վայրում, բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել եւ որեւէ խնդիր չկա», - ասաց նա, ընդգծելով՝ սա չի նշանակում, որ կենտրոնը չի վերանայելու թե իր հաստիքացուցակը, թե մասնագիտական ներուժի որակը:
«Ցանկացած բարեփոխման ընթացքում կարող են լինել թե ընթացիկ, եւ թե ընդհանրապես անհարմարություններ: Բայց եթե մենք որեւէ բան չփոխենք, որեւէ ծառայության ստատուս-կվոն չվերանայենք, ապա ինչի՞ համար ենք ընդհանրապես այստեղ», - ասաց Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Նորքի Ինֆեկցիոնի «Բ» մասնաշենքը վերակառուցում են. ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի: Որոշ ժամանակ առաջ ինֆեկցիոնի աշխատակիցները բողոքի ակիցա էին կազմակերպել: «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը նշել էր, որ աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը փետրվարի 1-ից մեկնարկող կենտրոնի «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն են, և, դրանով պայմանավորված, կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասի ժամանակավորապես դադարեցումը:
«Այդ մասնաշենքի կառուցման աշխատանքները տևելու են երկու տարի: Նախարարության հետ քննարկվում է այլ հիվանդանոցներից մեկում ինֆեկցիոն բաժանմունք բացելը և աշխատակիցների մի մասին այդ բաժանմունքում աշխատանքի տեղափոխելը, բայց նրանք թերահավատորեն են ընդունում, կարծում են՝ իրենց ազատում ենք աշխատանքից և բողոքի ակցիա են կազմակերպել»,- ասել էր նա:
comment.count (0)