Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ․ Նիկոլ Փաշինյան
20:36 - 24 հունվարի, 2022

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հարցին։

Փաշինյանն ասաց, որ հրաժարականի մասին ժամեր առաջ է իմացել․ «Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ, մոտավորապես 3.5 ժամ առաջ։ Նա հրապարակումից ժամեր առաջ, 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքը ինձ տեղեկացնում է, որ ինքը կայացրել է որոշում, այսինքն՝ ես փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե քննարկման ենթակա չէ, որից հետո ինքը ասել է, որ ինքը կայացրել է որոշում և ես այս համատեքստում չեմ կարծում, թե ես պիտի ասեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ»։

Փաշինյանն ասաց, որ ինքը և Արմեն Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են ունեցել․ «Նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թ․-ից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել Հանրապետության նախագահ, հետո ես ընտրվել եմ Հանրապետության վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել։ Համենայնդեպս, նախագահի լիազորությունների մասով, այնտեղ մի փոփոխություն մենք ունեցել ենք Սահմանադրական դատարանի մասով։ Նկատի ունեմ այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել, ես նախկինում էլ այդ թեմայով անդրադարձել եմ։ Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, և ես կարծում եմ, որ ինքս էլ այդ բացատրությունները ընդամենը ընդունում եմ ի գիտություն ու պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ, որովհետև յուրաքանչյուր անձ, պաշտոնյա, այդ թվում՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա ինքն է որոշում ի վերջո  փաստարկների կշռելու մեթոդաբանությունը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել