Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրային սննդի օբյեկտներ մուտք գործելիս քաղաքացիներից կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստման QR կոդ պահանջելու կարգավորմանը՝ նշելով, որ իրենք մոնիթորինգ են իրականացրել, եւ պարզվել է, որ գործնականում բոլոր ռեստորանները եւ սրճարանները այդ կանոնը պահում են։
Infocom-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ կառավարությանը եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին՝ խնդրելով մանրամասնել, թե երբ եւ ում կողմից է իրականացվել մոնիթորինգը, ինչ քանակությամբ եւ ՀՀ որ մարզերում գտնվող ռեստորաններում եւ սրճարաններում, եւ ինչ սկզբունքով են ընտրվել այդ օբյեկտները։ Խնդրել էինք նաեւ հայտնել՝ մոնիթորինգի ենթարկված օբյեկտներում արձանագրվե՞լ են թեստի բացասական պատասխան կամ պատվաստման QR կոդ չպահանջելու կամ այդ պարտականությունը թերի կատարելու դեպքեր, եթե այո, ապա քանիսը։ Վարչական իրավախախտման մասին արձանագրություններ կազմած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել նաեւ դրանց թիվը եւ տուգանքի չափը։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ մոնիթորինգն իրականացվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաեւ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: Մոնիթորինգն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում սույն թվականի հունվարի 22-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք՝ հենց հունվարի 22-ից ուժի մեջ մտավ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ այստուհետ հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի եւև մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։
Կառավարությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ, մոնիթորինգ է իրականացվել հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող 3744 տնտեսավարող սուբյեկտներից 2505-ի, այսինքն՝ 66․91 %-ի մոտ։ Դրանից բացի, մոնիթորինգ է իրականացվել նաեւ 217 մարզամշակութային հաստատություններում․ «Մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ տնտեսավարողները պահպանում էին սահմանված հակահամաճարակային պահանջները»,- նշել են Կառավարությունից՝ միաժամանակ հավելելով, որ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառվում են միայն ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա, իսկ մոնիթորինգը կրում է կանխարգելիչ բնույթ եւ իրավական որեւէ հետեւանքի չի հանգեցնում։
Անդրադառնալով նույն ժամանակահատվածում՝ հունվարի 22-25-ի ընթացքում ԱԱՏՄ-ի իրականացրած ստուգայցերին՝ Կառավարությունից մանրամասնել են, որ մարզերում եւ Երեւանում իրականացվել է ընդհանուր առմամբ 167 ստուգայց, որից 139-ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 9-ը՝ մարզասրահներում, 7-ը՝ հյուրանոցային օբյեկտներում, 12-ը՝ թատերահամերգային, կինո եւ մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններում։
Ստուգայցերի արդյունքում 8 տնտեսավարողների մոտ արձանագրվել են խախտումներ, որոնցից 6-ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 2-ը՝ մարզասրահներում։
ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182․4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման գործունեության սահմանափակումները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (100.000-300.000 ՀՀ դրամ)։ Ուստի լրացուցիչ զանգով հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք խախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչին ի պատասխան Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ հարուցվել են վարույթներ, որոնց շրջանակում դեռեւս պետք է լսումներ տեղի ունենան, ուստի պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում առայժմ չկա։ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)