Օրեր առաջ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստի ժամանակ մարտի1-ի մասին խոսակցություն է տեղի ունեցել, որը հրապարակված տեսանյութերում այնքան էլ լսելի չէ, սակայն հստակ է, որ դրան ի պատասխան՝ ՊՊԾ գնդի նախկին պետ Խաչատուր Ավետիսյանն արձագանքում է․ «Ափսոս, որ սպանած լինեինք, սա երևի չլիներ»։ Նշենք, որ Ավետիսյանն այս պահին զբաղեցնում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Դատարանի դահլիճում բարձրաստիճան ոստիկանի հայտարարությանը Infocom-ի հետ զրույցում անդրադարձել է «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը․ «Հարցը «Սասնա Ծռեր»-ին չէ, որ վերաբերվում է: Այո՛, «Սասնա Ծռեր»-ից շատերը 2008-ին կրկին պայքարող ժողովրդի մեջ են եղել, բայց իրենք առաջնորդողները չեն եղել: Հետևաբար, երբ սույն «ոստիկանը» ասում է, որ քիչ են սպանել մարտի մեկին, ապա դա ասում է ոչ թե «Սասնա Ծռեր»-ին անձնապես, այլ պայքարող մարդկանց առհասարակ: Բոլոր նրանց, ովքեր լումա են բերել ռեժիմի տապալման հարցում»:
Ավագյանի խոսքերով՝ այժմ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան սպառնում է ամբողջ հեղափոխությանը, քանի որ սպառնում է հեղափոխության հաղթանակը բերող պայքարող ժողովրդին:
«Եվ սա ընդամենը «տուժողի» կարգավիճակում այս «ոստիկանի» 1 ժամանոց դատաքննության ընթացքում բացահայտվածն է, երբ դատավորը ու դատախազները ամեն ինչ անում են, որ նա քիչ խոսի, նրան ուղղված հարցերը հանում են և ստիպում են հնարավորինս քիչ անկեղծանալ: Ի՞նչ կլինի, երբ այս «ոստիկաններին» նստացնենք մեղադրանքի աթոռին ու ժամերով հարցաքննենք: Ի՞նչ վերաբերմունք ունեն այս «ոստիկանները» առհասարակ մարդ արարածի նկատմամբ, իր իրավունքները գիտակցող մարդու նկատմամբ: Այս «ոստիկանը» 6-րդ վարչության պետի տեղակալն է և ունակ է մարդկանց ֆիզիկապես վնասել: Նա անգամ չվարանեց այդպիսի սպառնալիքներ հնչեցնել դատավորների ու դատախազների ներկայությամբ, հետևաբար ինչ ակնկալիք կարող ենք ունենալ այսօրվա դատաիրավական համակարգից: Մենք որևէ ակընկալիք չունենք, իսկ թե Սահմանադրությամբ և քրեական օրենսգրքով ինչ պատասխանատվություն է ենթադրում, կարծում եմ՝ ցանկացած քաղաքացու պարզ է...»,-ասաց Ավագյանը։
Թեմայի վերաբերյալ իր տեսկետն է հայտնել նաև «Հայ ազգային կոնգրես»-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ նշելով, որ թեև տեսանյութում լավ չի լսվում, բայց հարցն այն է, որ իրենք դատարանում էին և Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են պարտավոր հետևություններ անել, թե այդ հայտարարության մեջ իրավական տեսանկյունից պրոբլեմատիկ ինչ կա․ «Դատարանում է դատախազության ներկայացուցիչը, և այդ հայտարարության իրավական գնահատականը հենց դատախազությունը պետք է տա։ Եվ եթե կա անհրաժեշտություն, պետք է սկսեն իրավական ընթացակարգ»։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք դատախազությունը քննության առել է Ավետիսյանի այս հայտարարությունը և արդյոք դրան իրավական ընթացք տրվել է թե ոչ։ Արևիկ Խաչատրյանը պատասխանեց․ «Դատարանը և դատախազը արձագանքել են նիստին»։ Դիտարկմանը, թե տեսանյութում բացակայում է նրանց արձագանքը, ինչպես կարող ենք ծանոթանալ դրան, նա պատասխանեց՝ անկեծ ասած՝ չգիտեմ։
Վահագն Ավագյանը, անդրադառնալով դատախազության պատասխանին, ասաց․ «Ըստ էության՝ անուշադրության են մատնել, իբրև որևէ էական միտք չի հնչել, այնպես, ինչպես ԶԼՄ-ներն են լռության մատնում: Իրենց անգործությամբ ևս մեկ անգամ հավաստում են դատաիրավական համակարգում տիրող բարձիթողի և հակասահմանադրական վիճակը, փաստում իրենց անգործությունը՝ ծառայելու սահմանադրական կարգի պահպանմանը»։
comment.count (0)