armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման կարիք է տեսնում:
Խզմալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որով առաջարկվում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները:
Խզմալյանը նախ հայտնեց, որ կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է: «Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով պատգամավորի առաջ քաշած հարցին, որ տարբեր կարևոր կառույցների շենքերի վրա պետական դրոշներ չկան՝ Խզմալյանն ասաց, որ ավելի վատ դեպքեր կան, երբ դրոշը կա, բայց ավելի լավ կլիներ, եթե չլիներ: «Մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ահազանգել տարբեր կազմակերպությունների ղեկավարներին ու պահանջել, որ դրոշն ամբողջապես փոխվի, դրոշաձողը բարեկարգվի: Այս հարցը պետք է ամենայն խստությամբ, խորությամբ դրվի: Տեսում ենք, որ երբեմն այս երևույթը մտնում է նաև այլ բնագավառներ, օրինակ գեղարվեստական մշակույթի բնագավառ, երբ բեմում ներկայացման ժամանակ ռեժիսորական մի «հանճարեղ» հղացմամբ պետական դրոշը կարող է ուղղակի ոոտնատակ տրվել»,- ասաց փոխնախարը:
Նա շեշտեց՝ հանրային այդ վերաբերմունքը պետք է մեկնընդմիշտ հստակ ձևակերպվի և պարտադրվի: Կառավարությունը, սակայն, Աղվան Վարդանյանի նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկումներ ունի: Կառավարությունն, օրինակ, առաջարկում է հստակ ձևակերպել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն:
comment.count (0)