BraVo երաժշտական պրոֆեսիոնալ միջազգային մրցանակը «Համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ ավանդի համար» անվանակարգում հետմահու շնորհվել է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին: Դափնեկիրներին մեծարել են մարտի 21-ին Կրեմլի պետական պալատում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհը մեծ արտիստի կորցրեց, սակայն նրա արվեստը շարունակում է ապրել և դեռ երկար իր լույսը կսփռի սերունդների վրա: Եվ այսօր BraVo երաժշտական պրոֆեսիոնալ միջազգային մրցանակը «Համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ ավանդի համար» անվանակարգում մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին»,-հայտարարել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: Մրցանակը կփոխանցվի երգչի ընտանիքին:
Համերգի ժամանակ Թամարա Գվերձիթելին կատարել է Ազնավուրի «Հավերժական սեր» (Une Vie D’Amour) երգը: «Անհնար է անցած ժամանակով խոսել Շառլ Ազնավուրի մասին: Դա համաշխարհային երաժշտության գանձն է, դա մեծ մարդու կիրքն է, մտքերն են: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, ձեր երգերի համար, որոնք գեղեցկացրեցին և ավելի երջանիկ դարձրեցին մեր աշխարհը»,-ասել է նա:
comment.count (0)