ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհաշինության և շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան համալրվել է 51 անուն եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով։ Սա հնարավորություն կտա այսուհետ Հայաստանում ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի լիարժեք փորձարկումներ կատարել, ինչը նոր մակարդակի կբարձրացնի կառուցվող ճանապարհների որակը։
Նախարար Հակոբ Արշակյանին տեղում մանրակրկիտ ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորությունները, դրանց կիրառումը ճանապարհաշինական աշխատանքներում։
Նշվել է, որ եթե մինչ այժմ լաբորատորիայի հնարավորությունները սահմանափակվում էին միայն ասֆալտի որակական հատկանիշների ստուգմամբ, հիմա արդեն հնարավոր է կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան ցանկացած տիպի փորձարկում, այդ թվում՝ նաև բետոնի և գրունտի։
Նախարարը ծանոթացել է 2000 կիլոնյուտոն հզորությամբ մամլիչի աշխատանքին, որը բետոնի ամրության որակն է ստուգում։
Ճանապարհաշինության մեջ օգտագործվող բետոնն ունի իր նվազագույն նախագծային պահանջները։ Երբ բետոնի փորձանմուշը դրվում է այս մամլիչի տակ՝ էկրանին գծագրվող կորը ցույց է տալիս, թե ինչ ուժ ազդեց դրա վրա, ինչ ուժի տակ այն կարող է կոտրվել կամ քայքայվել։ Արձանագրված տվյալների հիման վրա արդեն մասնագետը տեսնում է տվյալ պատվածքը համապատասխանո՞ւմ է ամրության պահանջվող չափորոշիչներին, թե՞ ոչ։
Այս սարքավորումն ունի նաև հեռակառավարման համակարգ, մի քանի ստանդարտներով աշխատելու, տվյալները համակարգչին փոխանցելու հնարավորություն։
comment.count (0)