fip.am։ Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն էր տրամադրել բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Նամակի բովանդակության շուրջ «Թիվի 5» ալիքի հաղորդավար Ագնեսա Խամոյանը զրուցել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Մի կողմ թողնելով էմոցիոնալ մեկնաբանությունները և եթերում տեղ գտած սուբյեկտիվ կարծիքները՝ անդրադառնանք ընդամենը մի քանի փաստի։
Խոսելով հեղափոխության և Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության մասին՝ Իսագուլյանը նշում է, որ սահմանադրական որևէ խոչընդոտ չէր կարող խանգարել Սերժ Սարգսյանին ուժ կիրառել Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման դեմ դեռևս քայլարշավը սկսելու օրերին։ Միևնույն ժամանակ, ըստ Իսագուլյանի, նախկին իշխանությունները չէին կարող այնպիսի գործողության գնալ, որից ինչ-որ մեկը կտուժեր։
Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով, սակայն, սահմանվում է, որ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը, այն էլ՝ առանց բռնություն կամ ուժ կիրառելու։
Հավաքների անցկացման իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ԵԱՀԿ Կոպենհագենի փաստաթղթով և այն։
ՀՀ օրենսդրության համաձայն էլ՝ եթե անգամ հավաքն անց է կացվում օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սակայն խաղաղ է, անզեն, ապա հատուկ միջոցների գործադրումն արգելվում է։ Բացի այդ, հարկ է նշել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է պաշտպանել խաղաղ հավաքները։ Այս դրական պարտավորությունը պահանջում է, որ պետությունը խաղաղ հավաքների մասնակիցներին պաշտպանի ցանկացած անձից և խմբից՝ ներառյալ սադրիչների և հակընդդեմ հավաքի մասնակիցների, որոնք փորձում են որևէ կերպ խանգարել կամ խոչընդոտել դրանք։ Իսկ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները՝ սկսած քայլարշավից, եղել են խաղաղ։ Դա արձանագրվել է ոչ միայն ներքին լսարանի, այլև միջազգային հանրության կողմից։
Ինչ վերաբերվում է մյուս դիտարկմանը, հարկ է թվել տարբեր հավաքներ ու ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը կիրառել է ոչ համաչափ ուժ։
Նմանատիպ դեպքեր, օրինակ, գրանցվել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, երբ բռնություն էր կիրառվել անգամ լրագրողների դեմ, «Էլեկտրի Երևանի» դեպքերի ժամանակ։ Արձանագրվել էին անգամ դեպքեր, երբ ոստիկանությունը միտումնավոր ոչնչացնում էր լրագրողների տեխնիկան։
Խոսելով Մարտի մեկի դեպքերի և 10 զոհերի մասին՝ Իսագուլյանը նշում է, որ եթե չլինեին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական կարգի պահպանման հարցում իրենց դիրքորոշմամբ, ապա զոհերը կլինեին ոչ թե տասնյակ, այլ հազարավոր։
Քանի որ Մարտի մեկի գործով դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, զերծ կմնանք Իսագուլյանի մեկնաբանությունը ճիշտ կամ սխալ համարելուց, սակայն հարկ ենք համարում անդրադառնալ սահմանադրական կարգ տապալելուն և բանակի ներգրավմանն այս գործին։
comment.count (0)