Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում

 |armenpress.am|
13:18 - 13 փետրվարի, 2022

Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում |armenpress.am|

armenpress.am: Միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համանման հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, միանշանակ կնպաստի բանակցային գործընթացի աշխուժացմանը նշված ձևաչափով: Այդ մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի մասին:

«Ինչքան շատ խոսվի դրա մասին և ինչքան շատ բարձրաձայնվի դրա մասին ազդեցիկ երկրների կողմից, այնքան, իհարկե, ավելի լավ է: Եվ լավ է, որ դրա մասին խոսում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այլ նաև այլ երկրներ: Նույն Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, կովկասյան քաղաքականության մեջ վաղուց է ներգրավված, և եթե իրենք այդպես են կարծում Արցախի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ,  նորմալ է: Ինչքան շատ այդպիսի կարծիքներ լինեն, այնքան լավ», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ԳալագերըՀայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Թագավորության դեսպանը այս մեկնաբանությունը տվել էր՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել