ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել նախօրեին նախարարության առջև Կոտայքի և Լոռու մարզերի մի խումբ անասնաբույժների բողոքի ակցիայի առնչությամբ:
Նշվում է, որ խնդիրը պարզաբանելու նպատակով ակցիայի մասնակիցներին ընդունել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու «Գյուղատնտեական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում անասնաբույժները ներկայացրել են իրենց պահանջները, որոնց թվում, նախևառաջ, համայնքներում անասնաբույժների համար կայուն աշխատավարձի սահմանումն է։ Տիգրան Գաբրիելյանը պարզաբանել է, որ համայնքներում պետական ծրագրի շրջանակներում անասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատող անասնաբույժների կողմից, և վարձատրությունը կանոնակարգվում է ըստ կենդանիների գլխաքանակի, ուստի տարբեր ծավալի մատուցվող անասնաբուժական ծառայությունների դիմաց հավասարաչափ աշխատավարձ չի կարող սահմանվել։ Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ անասնաբուժության ոլորտը պետության կողմից չի անտեսվում, և վերջին տարիների ընթացքում մեկ միավոր միջոցառման վճարը բարձրացել է և ներկա պահին կազմում է 170 դրամ։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև անասնաբույժների բժշկական ապահովագրության հարցը։ Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն՝ անասնաբույժները չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառուներ և ընդգրկված չեն սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Տիգրան Գաբրիելյանը վստահեցրել է, որ անասնաբույժներին այս ցանկում ընդգրկելու առաջարկությունն ընդունվել է, և առաջիկայում կքննարկվի դրա հնարավորությունը։
Բարձրացված հարցերի շարքում նշվել է նաև անասնաբույժների հանդեպ խրախուսանքի միջոցների կիրառման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ի պատասխան նշել է, որ խրախուսանքների տրամադրման հնարավորությունը կդիտարկվի և կընդգրկվի նախարարության օրակարգում։
Հանդիպման ընթացքում անասնաբույժները բարձրացրել են ոլորտի վերաբերյալ այլ հարցեր ևս, որոնց բոլորին տրվել են սպառիչ պատասխաններ։
comment.count (0)