Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ից պահանջում է Թուրքմենչայի մասին հրապարակումից ջնջել «Արևելյան Հայաստան» հիշատակումը |civilnet.am|
14:06 - 23 փետրվարի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ից պահանջում է Թուրքմենչայի մասին հրապարակումից ջնջել «Արևելյան Հայաստան» հիշատակումը |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «զարմանք ու ափսոսանք է» հայտնում Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակման վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է հրապարակումից ջնջել Արևելյան Հայաստան հիշատակումը։

Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև 1828-ին ստորագրված Թուրքմենչայի հաշտության պայմանագրի օրվա առթիվ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքի էջում պատմափաստագրական հրապարակում է եղել, որտեղ Էրիվանի և Նախիջևանի խանությունները ներկայացվել են Արևելյան Հայաստան։

«Պայմանագրով Ռուսական կայսրությունն անցան Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրությանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ «զարմանք ու ափսոսանք» հայտնելով Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակման վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Թուրքմենչայի պայմանագրի մասին «խեղաթյուրված տեղեկատվություն է» ներկայացվել։

«Զարմանք և ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ խեղաթյուրված տեղեկատվություն է հրապարակվել հենց Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրման օրը։ Հարկ է հատուկ ընդգծել, որ «Արևելյան Հայաստան» արտահայտությունը որևէ կերպ չի հիշատակվում վերոնշյալ համաձայնագրի տեքստում»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանը «անհրաժեշտ է համարում թույլ տրված խեղաթյուրումը վերացնելը» և ակնկալում է, որ նշված «ոչ հավաստի տեղեկատվությունը կուղղվի Ռուսաստանի ԱԳՆ Ֆեյսբուքի պաշտոնական Էջում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել