Քաղաքական դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին |1lurer.am|
13:04 - 02 մարտի, 2022

Քաղաքական դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանը խորհրդարանական ընդդիմությունը ներկա չէ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում ընդդիմության վարքագիծը:

«Քաղաքական դիրքորոշում է: Այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում: Քանի որ անկուսակցական եմ, քաղաքական գնահատականների դաշտ չպետք է մտնեմ: Քաղաքական իրենց այս քայլով գուցե փորձ է իշխանությանը ոչ լեգիտիմացնելու խնդիր դնել: Բայց մի կարևոր բան կա. Ազգային ժողովին ընտրել է ժողովուրդը: Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Սա շատ կարևոր հանգամանք է: Տարբեր ցանկություններով, իմիտացիաներով փորձ է արվում այլ կերպ ներկայացնել իշխանությանը, բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև կա ընտրված իշխանություն»,- ասաց Խաչատուրյանը:

Խաչատուրյանի խոսքով՝ որոշումները կայացնում է մեծամասնությունը, իսկ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումների կայացմանը:

«Չենթարկվելու ձևերից մեկը համարենք բացակայությունը: Սա ավելի կհեշտացնի մեր պահվածքը, խոսքը: Բայց դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ լինելու իրենց հետ հանդիպել: Նախագահի ինստիտուտն այն հարթակն է, որտեղ պետք է երկխոսություն տեղի ունենա, և այդ երկխոսությունը որևէ մեկին պիտի առավելություն չտա»,- ասաց Խաչատուրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել