Բոլոր հնարավորությունները ստեղծված են Ուկրաինային սահմանակից երկրների միջոցով ՀՀ վերադառնալու համար. Աղաջանյան |armenpress.am|
11:35 - 07 մարտի, 2022

Բոլոր հնարավորությունները ստեղծված են Ուկրաինային սահմանակից երկրների միջոցով ՀՀ վերադառնալու համար. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Էդուարդ Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից այլ տեղ տեղափոխվել են»,-ասաց Աղաջանյանը:

Հայաստանի դեսպանությունն այս պահին տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների կետերից մեկն է:

«Մեր համայնքի ցանկացած ներկայացուցչի համար, որը ցանկություն ունի լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»,-ասաց պատգամավորը:

Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ, բայց հայազգի են, չունեն Հայաստանի անձնագիր, Աղաջանյանը նշեց, որ հնարավոր չէ նրանց տվյալները հստակ ունենալ, հնարավոր է ունենալ Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հստակ տվյալներ։

Նա վստահեցրեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների հետ կապված հարցերն ու ընթացիկ խնդիրները համակարգվում և լուծվում են ՀՀ դեսպանության միջոցով. Հայաստանում բոլոր պայմանները կան, որպեսզի այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ այդ գործընթացի արդյունքում տուժել են, համապատասխան օգնություն տրամադրվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել