Տրանսպորտի նախարարը հանձնարարել է խստորեն հետևել բնակիչների անվտանգությանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի որակին և ժամկետներին

09:28 - 07 մայիսի, 2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։

Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նախարարի հանձնարարականով մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու համար։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրել է, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում և փորձում է տեղում լուծել բոլոր հարցերը։

«Եղանակային պայմանների բարելավվելու դեպքում տեմպերն ավելի ենք ավելացնելու։ Ունենք նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն, որոնք զուգահեռաբար անում ենք։ Ինժեներական թիմում կատարել ենք անձնակազմի որոշակի փոփոխություն, ավելի ուժաղեցրել ենք, ինչը բավականին արդյունավետ է աշխատում»,- նշել է Ղալեչյանը:

Շինարարության 1-ին հատվածն իրականացնող «Հորիզոն 95» ընկերության շինտեղամասի պետ Կորյուն Հարությունյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ կատարում են ճանապարհի կողային շեպերի հարթեցման, հենասյուների տեղափոխման աշխատանքներ, միաժամանակ պատրաստվում են ժայռապայթեցման աշխատանքներին։ Այս տեղամասը, ռելիեֆային առումով, ամենաբարդն է։ Մի քանի փուլով այստեղ անընդմեջ պայթեցումներ են արվում։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում, որպեսզի վնասներ չլինեն։

Նախարարը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների:

«Առաջինն անվտանգության խնդիրներն են, ճանապարհների վիճակից սկսած մինչև զգուշացնող նշանները: Երկրորդը ճանապարհների հարմարավետությունն է և բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառելը: Երրորդը՝ մարդկանց հարմարավետությունը և էկոլոգիական հարցերը, որպեսզի փոշի չլինի, աղմուկ չլինի բնակելի հատվածներում: Եվ, իհարկե, ամենակարևորը, որ մենք հետ չընկնենք մեր պլաններից»,-ընդգծել է նախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել