Պահեստազորի վարժական հավաքներ կիրականացվեն
13:04 - 10 մարտի, 2022

Պահեստազորի վարժական հավաքներ կիրականացվեն

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կիրականացվեն: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 10-ի նիստում։

Վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:  

Վարժական հավաքներին կներգրավվեն՝ 

  • մոտոհրաձգային մասնագիտություններով՝ մինչև 72 պահեստազորային,
  • հրթիռահրետանային մասնագիտություններով՝ մինչև 469 պահեստազորային,
  • հետախուզական մասնագիտություններով՝ մինչև 32 պահեստազորային,
  • ինժեներական մասնագիտություններով՝ մինչև 31 պահեստազորային,
  • տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 73 պահեստազորային,
  • թիկունքային մասնագիտություններով՝ մինչև 47 պահեստազորային։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Հավաքներին կներգրավեն մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:  

Բացի այդ, վարժական հավաքների ապահովման համար երեք ամսով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն՝ մարտական հերթապահության ներգրավման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել