Մենք տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում․ արցախցի պատգամավորը՝ Բայրամովի առաջարկների մասին |factor.am|
21:18 - 12 մարտի, 2022

Մենք տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում․ արցախցի պատգամավորը՝ Բայրամովի առաջարկների մասին |factor.am|

factor.am: Վերջին օրերին լարված իրավիճակ է Արցախի սահմանամերձ համայնքներում։ Ադրբեջանը տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետներից, ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։

Այս սրման ֆոնին Հայաստանի արտգործնախարությունը տարածում է հայտարարություն, ըստ որի,  առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Դրան էլ հաջորդոմ է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հարցազրույցը, որով հայտնում է, թե Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին։

Factor.am-ը Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ։

-Պարո՛ն Բալայան, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում, «թերևս, կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»։ Ինչպե՞ս եք գնահատոմ այդ քայլը, ի՞նչ է փոխելու այն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում։

-Կարծում եմ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է գործուն մասնակցություն ունենա։ Ի վերջո, Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, միջազգային հանրութան կողմից ճանաչված է, մի քանի տասնամյակ հիմնախնդրի կարգավորման գործընթացում կողմերից մեկն է եղել։ Այո՛, պետք է հիմնախնդրի կարգավորման գործընթացը շարունակվի և փորձ արվի հարցը կարգավորել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների շրջանակում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երևի փորձ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնել։ Երկարատև, կայուն խաղաղության հասնել հնարավոր չի լինի՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման։ Հայաստանի Հանրապետության անվտանգության, խաղաղության և հարևան երկրների հետ կանոնավոր հարաբերություններ ունենալու հարցերն էլ կլուծվեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեպքում։

 

– Ստացվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր այս հայտարարությամբ ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, դիմում ենք, որ զբաղվի հիմնախնդրով։

-Այո՛, ակնհայտ է, որ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որևէ քայլ չի արվում։ Մենք Արցախի Ազգային ժողովի կողմից բազմաթիվ հայտարարություններ ենք արել և դրանցից յուրաքանչյուրի մեջ շեշտել ենք, որ Մինսկի խումբը համանախագահող երկրները պետք է «գործուն» կամ «տեսանելի» քայլեր կատարեն, որ իսկապես այս հարցի կարգավորումն ապահովեն։

-Այսօր տարածվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հայտարարությունը, որ իրենք Հայաստանին խաղաղության նոր առաջարկներ են ուղարկել։ Ըստ նրա՝ մեկ էջանոց 5 առաջարկների վերաբերյալ Հայաստանի կարծիքը շուտով հայտնի կլինի։ Հայաստանը Արցախին այդ առաջարկները ներկայացրե՞լ է։ Եթե ոչ, ապա ենթադրո՞ւմ եք, թե ինչի մասին դրանք կարող են լինել։

-Կոնկրետ այդ առաջարկներից ես տեղյակ չեմ, բայց երեկ լսում էի ադրբեջանական տեղեկատվությունն իրենց լեզվով՝ ռադիոյով։ Ըստ դրա՝ Ալիևն ու Էրդողանը նմանատիպ հարցեր են քննարկել՝ կապված «Մեղրիի միջանցքի հետ»։ Կարծում եմ՝ նրանք փորձում են այս հարցը կապել հաղորդակցությունների բացման հետ։ Մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ Փորձում ենք տարբեր լրատվամիջոցներից ինչ-որ բաներ քաղել և դրանցից ինչ-որ եզրակացություններ անել։

Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ինչ-որ բաներ ստանալ Հայաստանից։ Հիմա էլ անընդհատ խնդիրներ ստեղծելով՝ փորձում են ճնշում գործադրել։ Այս ցուրտ եղանակին մարդիկ գազից են զրկված, խաղաղ բնակավայրերը ականանետերով է հարվածում։ Էլ պատերազմն ինչպե՞ս է լինում։ Հասկանալի չէ՞, թե ինչ նպատակ են հետապնդում։

Շաչունակությունը՝ factor.am-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել