Նախատեսվում է 300 միլիոն դրամ հատկացնել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նոր մասնաշենքի կառուցմանը |hetq.am|
12:59 - 09 մայիսի, 2019

Նախատեսվում է 300 միլիոն դրամ հատկացնել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նոր մասնաշենքի կառուցմանը |hetq.am|

hetq.am: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նոր մասնաշենքի կառուցման, տեխնիկական վերազինման, անհրաժեշտ դեկորացիայի պատրաստման և տեղադրման, տնտեսական գույքի ձեռքբերման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացնել 300 միլիոն դրամ։ Նախարարությունը նպատակ ունի այդ գումարը ՓԲԸ-ին տրամադրել կառավարության պահուստային ֆոնդից։

Նախագիծը քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում։

«Այս փոփոխությունները միտված են «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության համար զարգացման նոր ճանապարհներ ստեղծելուն և տեղեկատվությունը հանրության համար առավել հասանելի դարձնելուն»,- որպես հիմնավորում՝ նշել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն նախաձեռնում է ընդլայնել Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության տեղաբաշխման պայմաններն առցանց տիրույթում: Այդ պատճառով անհրաժեշտ են և՛ տեխնիկական, և՛ տաղավարային նոր պայմաններ:

Բացի այդ, նախատեսվում է ընկերության լրատվական մասնաշենքին կից կառուցել մինչև 500 քմ մակերեսով նոր տաղավար, որտեղ կիրականացվեն լրատվական ծառայության թողարկումները և այլ հաղորդումներ, իսկ նախկին տաղավարը կտրամադրվի առցանց ալիքին, որն արդեն հագեցած է տեխնիկայով: Նոր տաղավարը անհրաժեշտ է լինելու զինել համապատասխան թվային տեխնիկայով, որը հնարավորություն կտա երկու հարթակներին՝ և՛ մետրային, և՛ առցանց ալիքներին, միաժամանակյա գործունեություն իրականացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել