hetq.am: Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն այսօր՝ ապրիլի 19-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մեդիա ոլորտում վերջին տարիներին կատարված փոփոխությունները կրել են հատվածական բնույթ, եւ հաշվի չեն առել այն իրողությունները, հարաբերությունները, որ ծագել են տեխնոլոգիաների զարգացման հետեւանքով։ Հայաստանում փոփոխման կարիք ունենք «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Գովազդի մասին» եւ ոլորտը կարգավորող ու հարակից բազմաթիվ այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր ու կարգեր, որոնց վրա անջատ-անջատ աշխատում են մի կողմից լրագրողական կազմակերպությունները, մյուս կողմից՝ ԱԺ-ն ու Կառավարությունը։ Համագործակցության այս հուշագրով, ինչպես փաստեցին ստորագրմանը ներկա արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ Աշոտ Մելիքյանը, այդ ջանքերն ի մի են բերվում՝ մշակելու ԶԼՄ դաշտի զարգացման հայեցակարգ, որից կբխեն հետագա օրենսդրական բարեփոխումները։
«Դրանք պետք է բավարարեն ժամանակակից պահանջները եւ հաշվի առնեն միջազգային փորձը՝ իհարկե վերցնելով այն, ինչ կիրառելի է Հայաստանի համար»,- հուշագրի ստորագրման արարողությանն ասաց Աշոտ Մելիքյանը, որը 10 լրագրողական կազմակերպության (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբ) անունից լիազորված է աշխատել Կառավարության եւ ԱԺ-ի հետ։
«Հուշագրի ստորագրումն աննախադեպ բան է, բոլորս հասկանում էինք, որ նոր իրավիճակում մեր մեդիա օրենսդրությունը խորքային եւ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն ունի, դա է պատճառը, որ ծագեց այս գաղափարը։ Եթե բոլորս տեսնում ենք միեւնույն խնդիրը, ուստի լավ կլինի այն լուծել միասնական ջանքերով։ Դա չի նշանակում, թե բոլորս նույն կերպ ենք մտածում, բայց բովանդակային քննարկումների ժամանակ կփորձենք հասնել ընդունելի լուծումների»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ոլորտային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Նրա համոզմամբ, վերջին տարիներին միջազգային հանրության տված դրական գնահատականը Հայաստանի մեդիա ոլորտին պիտի կախված չլինի անձերից կամ որեւէ իշխանությունից, այլ դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, դրան է միտված այս նախաձեռնությունը։
«Գործընթացը հնարավորինս մասնակցային եւ թափանցիկ պիտի լինի, ԱԺ ոլորտային հանձնաժողովը առանձին հանդիպումներ կկազմակերպի լրագրողների, մեդիա սեփականատերերի հետ»,- հավաստիացրեց Սիսակ Գաբրիելյանը։
Նախատեսվող համագործակցությունը ներառելու է հետևյալ ուղղությունները՝
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ղեկավար Նունե Սարգսյանի խոսքով՝ առայժմ ամեն ինչ պատկերացումների փուլում է, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը միջազգային փորձագետների ներգրավմամբ կմշակի մեդիայի զարգացման հայեցակարգը՝ մի փաստաթուղթ, որը մինչեւ օրենսդրական փոփոխությունները կմատնանշի ոլորտի խնդիրները եւ ցույց կտա մեդաինդուստրիայի զարգացման ուղիները։ «Շատ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենք, բայց կարեւորն այն է, որ կարողանանք երկխոսել եւ կոնսենսուսի գալ։ Հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան այս կամ այն փոփոխություններն անելու, ինչ ռեսուրսներ կան՝ հետեւելու այդ փոփոխությունների կիրառմանը, աջակցելու մեդիային։ Այսօր առաջնահերթ կանգնած ենք ԶԼՄ օրենքը փոխելու խնդրի առջեւ, սահմանելու՝ ով է լրագրողը, որն է լրատվամիջոցը, բազմաթիվ հարցերի պատասխաններ չունենք, փոքրիկ փոփոխությունները, որ արվել են մինչ այժմ, չեն լուծել նշված հարցերը»,- ասաց ՄՆԿ ղեկավարը։
Ըստ նրա՝ նախատեսվող բարեփոխումներն առնչվելու են մեդիայի հետեւյալ հարցերին՝
Այլ խոսքով, ըստ բանախոսների, բարեփոխումները միտված են լինելու Հայաստանում տեղեկատվական դաշտի առողջացմանը, որակյալ լրագրության խրախուսմանը, ապատեղեկատվության, ատելության խոսքի, բռնության քարոզի նվազեցմանը։
comment.count (0)