Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։


2025-ին հաստատման կներկայացվի «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը

2025-ին հաստատման կներկայացվի «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը: ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 125 մլրդ 855 մլն դրամ: Ընդհանուր ծախսերն ընթացիկ տարվա ծախսերից ավելի կլինեն 16 մլրդ 151 մլն դրամով կամ 4.7 տոկոսով: Ընդհանուր ծախսերը կավելանան 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ իրականում կապիտալ ծախսերի նվազում տեղի չի ունենալու, քանի որ 2024 թվականի համար նախատեսված գումարները հավանաբար  ամբողջությամբ չեն ծախսվելու: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է գալիք տարվա համար նախատեսված ծրագրերն ու անելիքները` նշելով, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ-ին հատկացվող գումարները: Կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներն ուղղվելու են մի քանի խոշոր ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես` հանրապետությունում շարունակվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի իրականացումը: Այժմ ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցումը, հիմնանորոգումը և վերանորոգումը: Դրանցից 183-ը նոր կառուցվելիք դպրոցներ են: Արդեն աշխատանքներն ավարտվել են 35 դպրոցում: «500 մանկապարտեզների ծրագրով բոլորովին վերջերս Կառավարությունը հաստատեց ծրագրում ընդգրկված 364 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցից 157-ում արդեն աշխատանքներն ավարտվել են: 14.500 երեխաների մասին ենք խոսում, որոնք արդեն  նոր պայմաններում նախադպրոցական հաստատություն են հաճախում: 207-ը դեռևս ընթացքում են, որոնց շահառու երեխաների թիվը շուրջ 20.800 է: Առաջիկայում նույնպես այստեղ աշխատանքները կավարտվեն, ինչպես ծրագրված է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հայտնել է, որ կան բնակավայրեր, որոնցում դեռևս չկան նախադպրոցական ծառայություններ մատուցող հաստատություններ: Այդ բնակավայրերը քարտեզագրվել և դասակարգվել  են, իրականացվում են որոշակի քայլեր` լուծելու համար այդ խնդիրը: «Կարևոր եմ համարում ընդգծել, որ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները հագեցվում են անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա հավելել է, որ հանրապետության դպրոցները հագեցվում են նաև ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Նախարարը տեղեկություններ է հայտնել նաև «Ակադեմիական քաղաք» խոշորածավալ ծրագրի ընթացքի վերաբերյալ` նշելով, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ մասով առանձին բյուջետային  ծրագիր է նախատեսված:  Նշվել է, որ գալիք տարում մեծ թափով շարունակվելու է ծրագրի իրականացումը: 2024 թվականին ավարտվել է «Ակադեմիական քաղաքի»  հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, իսկ  2025 թվականին հաստատման է ներկայացվելու «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը` տեղական օրենսդրությանը համապատասխան: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ մեկնարկել են քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի և տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները` միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով: Հիմնական զեկուցողը մանրամասներ է ներկայացրել գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման, կրթամշակութային ծրագրերի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերի տպագրությանը, ներառական կրթությանը, ուսումնական հաստատություններում սեռական ոտնձգության դեպքերին, երեխաների հոգևոր կրթությանը, «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը, թանգարաններ այցելություններին, կապիտալ ծախսերին, դպրոցաշինությանը, փակված դպրոցներին և տվել պարզաբանումներ։
13:49 - 29 հոկտեմբերի, 2024
Հայաստանում «NETFLIX»-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանում «NETFLIX»-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: «Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը: Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները: ՀԳ. Ըստ մասնագետների` լոկացիոն առումով մեր երկիրը բավականին հարմար է ֆիլմարտադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,- գրել է նա: Ավելի վաղ հայտի էր դարձել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
10:37 - 19 դեկտեմբերի, 2023
ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը
 |1lurer.am|

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի  թափուր պաշտոնում: Հակոբյանի թեկնածությունը քննարկվել է նաև հանձնաժողովում»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Հակոբյանը սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, զբաղվել հետազոտական աշխատանքներով, հրապարակել 50-ից ավելի գիտական և գրախոսական հոդվածներ: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2012-ից «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիրն է: «Վստահ եմ, որ տիկին Հակոբյանը բարեխղճորեն կկատարի իր աշխատանքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, կոչ եմ անում ԱԺ բոլոր խմբակցություններին՝ կողմ քվեարկել տիկին Հակոբյանի թեկնածությանը»,- նշեց Ղազարյանը:
14:19 - 05 դեկտեմբերի, 2023
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածություններին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածություններին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար ՀՀ  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Խաչիկի Հակոբյանի և Նունե Նորիկի Հախվերդյանի թեկնածությունների և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածուներ առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՀՌՀ հանձնաժողովում այս պահին կա 3 թափուր տեղ, սահմանված ժամկետում թեկնածություններ առաջադրել է միայն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ Հասմիկ Հակոբյանը գրականագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տարբեր ամսագրերում ու թերթերում հրատարակել է 50-ից ավելի գիտական ու գրախոսական հոդվածներ, 2001-2023 թվականներին խմբագրել և հրատարակության է պատրաստել մոտ 2 տասնյակ գրական ստեղծագործություններ: Թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: «Եթե ինձ վստահվի այս պաշտոնում աշխատելու հնարավորությունը, ես կպարտավորվեմ ընթերցող, վերլուծող և քննադատող հաղորդումներ ավելացնել հեռուստաընկերություններում: Կարևոր է, որ եթերում հնչի բազմաբովանդակ խոսք, չխախտվի խոսքի ազատությունը, այն լինի կարծրատիպերից ու բռնությունից զերծ»,- ասել է թեկնածուն: ՀՀ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը, աշխատել է կայքերում և ամսագրերում՝ որպես լրագրող և մեդիավերլուծաբան, 1990-1997 թվականներին աշխատել է ՀՀ պետական հեռուստառադիոյի ընկերությունում: Անդամակցում ու համագործակցում է մի շարք տեղական և միջազգային ֆեդերացիաների, ասոցիացիաների, փառատոնների և հիմնադրամների հետ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Շնորհակալություն հայտնելով  խմբակցությանն իր թեկնածությունը ներկայացնելու համար՝ Նունե Հախվերդյանը բարձր է գնահատել ՀՌՀ դերը՝ որպես վերլուծող և կարգավորող մարմին: «ՀՌՀ գործոնը չափազանց կարևորում եմ. այլ ավելի կոմպետենտ կառույց մեր երկրում, կարծում եմ՝ չկա»,- ասել է թեկնածուն: Պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուներին, որոնք վերաբերել են սուտ լուրերին, մեդիայի կարգավորման օրենքներին, լուրերի հանրօգուտ բովանդակությանը, ոլորտում պատժամիջոցների կիրառմանը և այլ թեմաների: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված՝ Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածություններին:
17:16 - 30 նոյեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի առաջին կանգառը Եղվարդ քաղաքի «AV» թատրոն-ստուդիան էր, որը հիմնադրվել է 2022 թ. հոկտեմբերին: Ժաննա Անդրեասյանը նախ շրջել է թատրոնի փոքրիկ տարածքում, ծանոթացել փորձասենյակի և դահլիճի պայմաններին, ապա դիտել «Ամանդա» նորարարական պլաստիկ ներկայացումը, որը շուրջ կես տարի գործող թատրոն-ստուդիայի բեմադրած երկրորդ ներկայացումն էր:  Թատրոն-ստուդիայի հիմնադիրներ Անի Վարդանյանի և Վիգեն Թադևոսյանի խոսքերով՝ Եղվարդում թատրոն-ստուդիա ստեղծելու գաղափարի հիմքում ընկած էր համայնքում մշակութային կյանքն առավել աշխուժացնելը, ինչպես նաև պարարվեստի և թատրոնի հետ անմիջական կապ ունեցող տեղի երիտասարդներին բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելը: Նրանք տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են բեմադրել «Փոքրիկ իշխանը» ներկայացումը: Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի հիմնակառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի  աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում․ դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Շինարարական ընկերության պատասխանատուն ներկայացրել է իրականացվող  աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանված նորմերի պահպանմամբ։ Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, լաբորատորիաներով, մեծ մարզադահլիճով ուսումնական հաստատություն, որը կունենա բարեկարգված, խնամված ու կանաչապատ տարածք և կապահովի որակյալ կրթության համար բարենպաստ կրթական միջավայր: ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Կաթնաղբյուր բնակավայր, որտեղ ընթանում են հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Այստեղ կառուցվում է մոդուլային նոր դպրոց, որի հիմնական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ժաննա Անդրեասյանը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել դասասենյակների, ապաստարանի, գրադարանի, ճաշարանի, սանհանգույցի, հանդիսության սրահի պայմաններին: Դպրոցը, ըստ շինարարի, շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:
16:50 - 18 մայիսի, 2023
Պաշտոնական գնահատում չի իրականացվել. փոխնախարարը՝ տոնական լուսավորության համար շենքերին հասցված հնարավոր վնասի մասին
 |armenpress.am|

Պաշտոնական գնահատում չի իրականացվել. փոխնախարարը՝ տոնական լուսավորության համար շենքերին հասցված հնարավոր վնասի մասին |armenpress.am|

armenpress.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանը վերցրել է պարտավորություն՝ Երևանում պատմամշակութային հուշարձանների վրա Ամանորյա տոնական լուսավորության գործընթացն իրականացնել մինիմալ միջամտություններով և պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետևանքով, իսկ, քննարկումներին, թե ինչպես են փակվելու շենքերի վրա արված անցքերը, ներգրավվածություն կունենա նաև նախարարությունը: Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին: Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց. «Ամանորյա զարդարանքների համար հրապարակի պատմամշակութային հուշարձանները վնասելու հետ կապված լուրջ աղմուկ բարձրացավ: Ունե՞ք գնահատական, թե հասցված վնասն ինչ չափի է և արդյոք վերականգնման ենթակա՞ է»: «Որևէ պաշտոնական գնահատում չի իրականացվել: Քաղաքապետարանը վերցրել է պարտավորություն՝ այդ գործընթացը մինիմալ միջամտություններով իրականացնելու համար և պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետևանքով»,-ասաց փոխնախարարը: Պատգամավորը նշեց՝ լավ չի պատկերացնում, թե օրինակ՝ քանդված տուֆը ցեմենտո՞վ է վերականգնվելու, որ պատմամշակութային հուշարձանին հասցված վնասը վերականգնվի: Փոխնախարարը նախ նշեց, որ զերծ կմնա որակավորում տալուց, որ վնաս է հասցվել, քանի որ դա պետք է անեն մասնագետները: Նախագիծն իրականացրած կազմակերպության հետ քննարկումներին նախարարությունն անպայման ներկա կլինի: «Եվ կիմանանք, թե ինչպես են փակելու անցքերը, որոնք բացվել են զարդարանքներն ամրացնելու համար»,-ասաց Քոչարյանը:   Ըստ նրա՝ բազմաթիվ գործընթացներ կան, որոնց համար կարիք է լինում շենքերի վրա մինիմալ միջամտություն անելու, և հետո նորմալ է այդ միջամտությունների հետևանքները վերացնելը:
13:43 - 13 հունվարի, 2023
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վարձի փոխհատուցմանն առնչվող նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վարձի փոխհատուցմանն առնչվող նախագծին

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին նախագծին: «Կրթության մասին» օրենքով սահմանված է, որ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգում ուսանողների ուսման վարձը: Միևնույն ժամանակ բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմություն ունեցող սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: ««Կրթության մասին» օրենքում որոշակի նվազագույն շեմեր են սահմանված, մասնավորապես, 10 տոկոսի նվազագույն շեմը, բայց միևնույն ժամանակ Հարկային օրենսգրքում բուհի ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսի ծառայության մատուցման հետ կապված ծախսերն են փոխհատուցվում շահութահարկի և եկամտահարկի մասով: Այսինքն՝ մի դեպքում մենք «Կրթության մասին» օրենքում ունենք բուհերի առջև դրվող նվազագույն պահանջ 10 տոկոսի, մյուս դեպքում ունենք Հարկային օրենսգրքում առավելագույն պահանջ 10 տոկոսի: Առաջարկում ենք առավելագույն պահանջը դարձնել 20 տոկոս»,- ասաց օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:   ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հավելեց, որ մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը նրանք, ովքեր ուսանող են, կստանան իրենց բուհի կողմից տրվող զեղչերը, իսկ 2024 թվականից հետո նոր օրենքի նախագծով գումարը տրվելու է ուսանողներին, ոչ թե բուհին:  «Կոնկրետ այն ուսանողները, որոնք պետության կողմից պետք է ստանան սովորելու համար ֆինանսավորում, կստանան ուղիղ հենց իրենք»,- ասաց Թռչունյանը:
15:38 - 26 ապրիլի, 2022
ԱԺ-ն, Կառավարությունը եւ լրագրողական համայնքը միասին կմշակեն մեդիա ոլորտի զարգացման քաղաքականությունը |hetq.am|

ԱԺ-ն, Կառավարությունը եւ լրագրողական համայնքը միասին կմշակեն մեդիա ոլորտի զարգացման քաղաքականությունը |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն այսօր՝ ապրիլի 19-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը  կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մեդիա ոլորտում վերջին տարիներին կատարված փոփոխությունները կրել են հատվածական բնույթ, եւ հաշվի չեն առել այն իրողությունները, հարաբերությունները, որ ծագել են տեխնոլոգիաների զարգացման հետեւանքով։ Հայաստանում փոփոխման կարիք ունենք «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Գովազդի մասին» եւ ոլորտը կարգավորող ու հարակից բազմաթիվ այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր ու կարգեր, որոնց վրա անջատ-անջատ աշխատում են մի կողմից լրագրողական կազմակերպությունները, մյուս կողմից՝ ԱԺ-ն ու Կառավարությունը։ Համագործակցության այս հուշագրով, ինչպես փաստեցին ստորագրմանը ներկա արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ Աշոտ Մելիքյանը, այդ ջանքերն ի մի են բերվում՝ մշակելու ԶԼՄ դաշտի զարգացման հայեցակարգ, որից կբխեն հետագա օրենսդրական բարեփոխումները։ «Դրանք պետք է բավարարեն ժամանակակից պահանջները եւ հաշվի առնեն միջազգային փորձը՝ իհարկե վերցնելով այն, ինչ կիրառելի է Հայաստանի համար»,- հուշագրի ստորագրման արարողությանն ասաց Աշոտ Մելիքյանը, որը 10 լրագրողական կազմակերպության (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբ) անունից լիազորված է աշխատել Կառավարության եւ ԱԺ-ի հետ։ «Հուշագրի ստորագրումն աննախադեպ բան է, բոլորս հասկանում էինք, որ նոր իրավիճակում մեր մեդիա օրենսդրությունը խորքային եւ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն ունի, դա է պատճառը, որ ծագեց այս գաղափարը։ Եթե բոլորս տեսնում ենք միեւնույն խնդիրը, ուստի լավ կլինի այն լուծել միասնական ջանքերով։ Դա չի նշանակում, թե բոլորս նույն կերպ ենք մտածում, բայց բովանդակային քննարկումների ժամանակ կփորձենք հասնել ընդունելի լուծումների»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ոլորտային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Նրա համոզմամբ, վերջին տարիներին միջազգային հանրության տված դրական գնահատականը Հայաստանի մեդիա ոլորտին պիտի կախված չլինի անձերից կամ որեւէ իշխանությունից, այլ դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, դրան է միտված այս նախաձեռնությունը։ «Գործընթացը հնարավորինս մասնակցային եւ թափանցիկ պիտի լինի, ԱԺ ոլորտային հանձնաժողովը առանձին հանդիպումներ կկազմակերպի լրագրողների, մեդիա սեփականատերերի հետ»,- հավաստիացրեց Սիսակ Գաբրիելյանը։ Նախատեսվող համագործակցությունը ներառելու է հետևյալ ուղղությունները՝ տեղեկատվական ոլորտի և մեդիայի զարգացման համապարփակ քաղաքականության մշակում, քննարկում և ընդունում (որի բաղկացուցիչ մասը պետք է լինի նաև տեղեկատվական անվտանգության հայեցակարգը), զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակում, քննարկում և հաստատում, վերոհիշյալ հայեցակարգից բխող նոր օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի պատրաստում, քննարկում և ներկայացում Ազգային ժողով: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ղեկավար Նունե Սարգսյանի խոսքով՝ առայժմ ամեն ինչ պատկերացումների փուլում է, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը միջազգային փորձագետների ներգրավմամբ կմշակի մեդիայի զարգացման հայեցակարգը՝ մի փաստաթուղթ, որը մինչեւ օրենսդրական փոփոխությունները կմատնանշի ոլորտի խնդիրները եւ ցույց կտա մեդաինդուստրիայի զարգացման ուղիները։ «Շատ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենք, բայց կարեւորն այն է, որ կարողանանք երկխոսել եւ կոնսենսուսի գալ։ Հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան այս կամ այն փոփոխություններն անելու, ինչ ռեսուրսներ կան՝ հետեւելու այդ փոփոխությունների կիրառմանը, աջակցելու մեդիային։ Այսօր առաջնահերթ կանգնած ենք ԶԼՄ օրենքը փոխելու խնդրի առջեւ, սահմանելու՝ ով է լրագրողը, որն է լրատվամիջոցը, բազմաթիվ հարցերի պատասխաններ չունենք, փոքրիկ փոփոխությունները, որ արվել են մինչ այժմ, չեն լուծել նշված հարցերը»,- ասաց ՄՆԿ ղեկավարը։ Ըստ նրա՝ նախատեսվող բարեփոխումներն առնչվելու են մեդիայի հետեւյալ հարցերին՝  Սեփականատերեր Ինքնակարգավորում Հավատարմագրման ինստիտուտ Տեղեկատվության ազատություն Գովազդ  Մեդիագրագիտություն եւ մեդիակրթություն Լրագրողների աշխատանքային իրավունքներ Թվային դեսպանի ինստիտուտ եւ այլն։ Այլ խոսքով, ըստ բանախոսների, բարեփոխումները միտված են լինելու Հայաստանում տեղեկատվական դաշտի առողջացմանը, որակյալ լրագրության խրախուսմանը, ապատեղեկատվության, ատելության խոսքի, բռնության քարոզի նվազեցմանը։  
16:19 - 19 ապրիլի, 2022
ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը: Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:
17:55 - 16 մարտի, 2022
ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Para TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը |hetq.am|

ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Para TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնում առաջադրված Անժելա Նալբանդյանի թեկնածությանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը: Անժելա Նալբանդյանը 2010-2013 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետի հաստիքն է զբաղեցրել, այնուհետև «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչությունում է աշխատել, նախ՝ որպես մասնագետ, ապա՝ որպես ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաև՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, դիմելով թեկնածուին ներկայացնող Հռիփսիմե Ստամբուլյանին, հիշեցրեց, որ երբ ՔՊ-ն ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, ընդդիմադիր խմբակցությունից հիշեցնոմ էին նրա քաղաքական կողմնորոշման մասին: Ստամբուլյանն արձագանքեց՝ իրենց թեկնածուն պատգամավոր չի եղել, այլ թեկնածու, կուսակցական չէ, և կկարողանա օբյեկտիվ աշխատել: Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց:
15:56 - 22 փետրվարի, 2022
Գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է. գիտնականներն ու պատգամավորները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները

Գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է. գիտնականներն ու պատգամավորները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ: ԳԱԱ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը: Քննարկվել են Հայաստանում գիտության և գիտատեխնոլոգիական ոլորտի հեռանկարային զարգացման հարցերը: «Այսօր Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների շեմին է: Բարեփոխումներն իրականացվում են Գիտության կոմիտեի հետ համաձայնեցված և գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ համահունչ: Բարեփոխումներ ասելով՝ նկատի ունենք գիտաարտադրական, գիտատեխնոլոգիական և  գիտահետազոտական ոլորտների կառավարման  ճիշտ շեշտադրում, գերազանցության կենտրոնների ստեղծում, դրանց հենքի վրա հետազոտական ցանցերի ստեղծում, կրթական, արդյունաբերական բաղադրիչների ներառում և այդ ամենի հիման վրա կրթություն-գիտություն-արդյունաբերություն կապի ապահովում, ինչը լուրջ գործոն է գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման, գիտահեն տնտեսության ստեղծման գործում», - ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է.  «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, ովքեր իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»։  Հակոբ Արշակյանը շեշտել է՝ գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է:   «Բացի ռազմավարական երկարաժամկետ ծրագրերից, ինչպիսին են «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, բյուջետային պլանավորման համակարգը, ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, ինչը պետք է իրականացվի Գիտությունների ազգային ակադեմիայի, կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ: Հայաստանում գիտակրթական ոլորտում ներդրումներն ամենաարդյունավետն են, և այս տեսանկյունից երկու կարծիք լինել չի կարող»: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշել է, որ պետք է լինի սերտ համագործակցություն Ազգային ժողովի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության կոմիտեի և նախարարությունների միջև: «Պետության կողմից ընդունված կարգախոսը, ըստ իս, պետք է լինի մեկ նախադասությամբ՝ գիտատեխնոլոգիական արդիականացումը պետք է հանդիսանա ազգային զարգացման դոկտրին: Այդ դոկտրինը պետք է մշակել և ընդունել ամենալուրջ մակարդակով», - ասաց Արթուր Իշխանյանը: ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ գիտության ոլորտում մի շարք փոփոխություններ են իրականացվել: «Ամենակարևորը՝ գործընկերային հարաբերությունների ստեղծումն է համակարգի բոլոր կազակերպությունների և դերակատարների միջև: Կառավարությունն ընդունել և հանձն է առել գիտության ոլորտի հետ Հայաստանի ապագան կապելու առաքելությունը, ընդունել է գիտատեխնոլոգիական զարգացման ճանապարհը: Այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է՝ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացում մոտ 85 տոկոսով:  Քայլեր են արվում Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի բարեփոխումների, օպտիմալացման ուղղությամբ: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունենք աննախադեպ համագործակցություն, բոլոր հարցերը քննարկվում են բաց ու հանգիստ մթնոլորտում: Աշխատանքը տալիս է իր արդյունքները»,-ընդգծել է նա: Հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել են խնդիրներ՝ կապված «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ: Ըստ Արթուր Իշխանյանի՝ անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան խմբագրում, որը հնարավորություն կտա գիտական կազմակերպություններին ժամանակին կատարել գնումները: Եզրափակելով հանդիպումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները պետք է լինեն շարունակական. «Ազգային ժողով, կառավարություն, գիտական ինստիտուտներ համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկար ունի: Այս հանդիպումը համարենք առաջին քայլն ու շարժվենք առաջ»:
14:48 - 22 փետրվարի, 2022
Իշխանության համար առաջնային է գիտության ոլորտը. Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Իշխանության համար առաջնային է գիտության ոլորտը. Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին և ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին:   Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բնագիտական ուղղություններով գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ: ԱԺ փոխնախագահն իր խոսքում կարևորել է հանդիպումը: «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ, և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, որոնք իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում գիտության զարգացմանը վերաբերող քննարկումներ են եղել: «Ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, որը պետք է իրականացվի պետական ինստիտուտների, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ»,- նշել է նա: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ իշխանության համար առաջնային դերակատարում ունի գիտության ոլորտը և հենց դրա վկայությունն է բյուջեով սահմանված ֆինանսավորման կտրուկ ավելացումը: Հայաստանում գիտակրթական ոլորտի ներդրումներն ամենաարդյունավետն են և հենց դրա վրա էլ կարող է հիմնվել Հայաստանի զարգացումը: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշել է, որ ակադեմիան կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին: Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժ մեջ մտնելուց հետո բարեփոխումները կթևակոխեն նոր փուլ: Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ նա հույս է հայտնել, որ ֆինանսավորման ավելացումը կլինի շարունակական: Քննարկման մասնակիցները, անդրադառնալով իրենց բնագավառներում առկա խնդիրներին, նշել են, որ «Գնումներին մասին» օրենքում կան  խնդրահարույց դրույթներ և դրանում փոփոխություններ  կատարելու անհրաժեշտություն կա: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել գիտության և մասնավոր ընկերությունների միջև կապը: Ըստ նրա՝ գիտության զարգացմամբ է պայմանավորված տնտեսության հենքը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու և մոտ ապագայում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել: Քննարկման ավարտին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:  
21:15 - 21 փետրվարի, 2022
Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ (մասնագիտական կրթության և ուսուցման) հաստատությունների տնօրեններ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, նշել է, որ աշխատաշուկայի հսկայական հատվածը պետք է ապահովի ՄԿՈՒ ոլորտը, և այդ առումով այն շատ կարևոր է: «Ներկայում հիմնովին վերանայվում է այդ ոլորտի օրենսդրությունը, և այս թիրախային քննարկումը կազմակերպել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են ՄԿՈՒ հաստատություններին՝ կայանալու և տնտեսապես անկախ ու ինքնաբավ լինելու, շահույթը, ըստ օրենքի և կանոնադրության, ծառայեցնելու կրթության բովանդակությանը և պայմանների բարելավմանը»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը՝ քննարկման մասնակիցներին հորդորելով անկաշկանդ քննարկել բոլոր հարցերը և գտնել խելամիտ լուծումներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս ողջունել է համատեղ նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտում որակական ճեղքում ապահովելու և լավագույն լուծումներ գտնելու համար կարևոր է տարբեր կառույցների ջանքերի համադրումը: Նրա խոսքով՝ բացի վաղուց հասունացած փոփոխությունների շեշտադրումներից, անհրաժեշտ է խոսել նաև այն գործնական քայլերից, որոնք պետք է դյուրին դարձնեն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) լայնածավալ կիրառությունը բոլոր ուսհաստատություններում: «Այս առումով համապատասխան գործընկերության շրջանակում 2017 թվականից ունենք կուտակված լավ փորձ՝ իրականացված բազում փորձնական ծրագրերի հիման վրա: Սա այն տարբերակն է, որ ԱՀՈՒ օրենսդրական կարգավորումները պետք է մշակվեն արդեն իսկ կուտակված փորձի հիման վրա: Ավելի հաճախ մենք ունենում ենք հակառակ պատկերը, երբ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, հետո դրանք կյանքի են կոչվում: Սա մեզ լավատեսություն է ներշնչում, որ մշակված մեխանիզմները կլինեն կիրառական և կբարձրացնեն ՄԿՈՒ ոլորտի կրթության որակը»,- նշել է բանախոսը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ քննարկմանը մասնակցում են շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, քանի որ այս խնդիրը, ըստ փոխնախարարի, ենթադրում է ընդհանրական լուծումներ, որոնք պետք է վերաբերեն տարբեր ոլորտների օրենսդրությանը: «Անհրաժեշտ է քննարկել բոլոր փոխկապակցված գործընթացները, որպեսզի չունենանք մի հերթական իրավիճակ, երբ ոլորտային օրենսդրությունը նախատեսում է մեկ բան, սակայն ֆինանսական կամ գնումների և այլ ընթացակարգերը դրա իրագործումը փաստացի դարձնում են բարդ»,- շեշտել է նախարարի տեղակալը՝ կարևորելով, որ օրենսդրական մեծ փաթեթի քննարկումն իրականացվում է ԱԺ-ի հետ գործընկերությամբ: ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանն իր հերթին նշել է, որ ծրագիրն աջակցում է ՄԿՈՒ հաստատություններում դուալ և ԱՀՈՒ մոդելների ներդրմանը: Այս ընթացքում ծրագրի շրջանակում 13 ուսհաստատություններում 12 մասնագիտությունների գծով ներդրվել է դուալ կրթություն: «Այս փորձնական արդյունքների հիման վրա մեզ հաջողվեց ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ նախաձեռնել օրենսդրական փաթեթների մշակման լայնածավալ գործընթաց: 2020 թվականին մենք իրականացրել ենք ՄԿՈՒ ոլորտի հատկապես դուալ կրթությանն առնչվող օրենսդրական դաշտի համապարփակ վերլուծություն, որի արդյունքում առաջարկել ենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել՝ առավել արդյունավետ կազմակերպելու ԱՀՈՒ-ի իրականացումը»,- նշել է Արամ Բաբայանը: Նրա խոսքով՝ այս քննարկման նպատակն է նաև հասկանալ, թե քոլեջներում ձեռնարկատիրական գործունեության կազմակերպումն ինչպես կարող է նպաստել ուսումնական գործընթացին այն ոլորտներում, որտեղ առկա են դժվարություններ՝ մասնավոր հատվածի ներգրավման առումով: Նա նաև անդրադարձել է ուսանող-գործատու փոխհարաբերությունների խնդիրներին և դրանց արդյունավետ լուծումներին: Քննարկումը ծավալվել է երեք հիմնական թեմաների շուրջ՝ արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ձեռնարկատիրական գործունեության թույլատրելի տեսակների կազմակերպման հնարավորությունները, խոչընդոտները, հարկման հիմնախնդիրները, առկա կարգավորումների բարելավման տարբերակները, վերոնշյալ գործունեության կազմակերպման հետ կապված՝ ՄԿՈՒ հաստատություններին մտահոգող այլ հարցադրումները, ինչպես նաև ուսումնական աշխատանքի իրավական կարգավորման հիմնախնդիրները: Քննարկման մասնակիցները ներկայացրել են առկա խնդրահարույց իրավիճակները, խոչընդոտները, ինչպես նաև իրենց հաջողված փորձը: Ծավալվել է բուռն և արդյունավետ քննարկում: Հանդիպման ավարտին ամփոփվել են ՄԿՈՒ ոլորտում հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ հնչած մոտեցումները:  
20:12 - 26 հունվարի, 2022
Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը

Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը: Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Այնուհետեւ Ռուբիկ Հակոբյանը հանել է իր թեկնածությունը: Նիստն ավարտվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիկ Հակոբյանի ելույթի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել իր և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև: Կողմերը միմյանց հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ էին հնչեցրել։
14:28 - 26 հունվարի, 2022
Վիրավորական արտահայտություններ ԱԺ հանձնաժողովի նիստում. վիճեցին ընդդիմության թեկնածուն և ՔՊ-ի պատգամավորը |hetq.am|

Վիրավորական արտահայտություններ ԱԺ հանձնաժողովի նիստում. վիճեցին ընդդիմության թեկնածուն և ՔՊ-ի պատգամավորը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում միջադեպ տեղի ունեցավ: Ընդդիմությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր տեղի համար առաջադրել է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս ելույթի ժամանակ միջադեպ եղավ իր և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև: Հակոբյանը ելույթում նշեց, որ ցանկություն չուներ առաջադրվելու այդ պաշտոնում, բայց տեսնելով, որ իշխանությունը քաղաքականացված թեկնածուների է առաջադրել, ինքը ընդունել է ընդդիմության առաջարկը: Նա անդրադարձավ իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանի այն դիտարկմանը, թե իրեն չի հարգում քաղաքական թիմը փոխելու համար՝ նշելով, իր համար պատիվ է դա: Հակոբյանն էլ իր հերթին ասաց, թե Բաբայանը խորհրդարանում հայտնվել է որպես «Լենա Նազարյանի բաժինք»: Գաբրիելյանը ընդհատեց նրան, հրահանգեց անջատել խոսափողը, և սկսվեցին փոխադարձ վիրավորանքները: Գաբրիելյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի կյանքի նպատակը կրթության հանձնաժողովում կռիվ սարքելն է: «Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»,- ասաց Հակոբյանը: «Անտակտ խուլիգանը ծնողդ ա»,-արձագանքեց Սիսակ Գարիելյանը: Պատգամավորները շարունակեցին միմյանց հասեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել, ինչից հետո նիստն ընդհատվեց:  
12:58 - 26 հունվարի, 2022
Քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի հարցը

Քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի հարցը

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել:Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովին հակիրճ ներկայացրել է առաջադրված թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային անցած ուղին: Նշվել է, որ Ռուբիկ Հակոբյանը հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԳԽ մամլո ծառայությունը, հեղինակել և վարել է մի շարք հեռուստածրագրեր:Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն առաջադրելիս կարևորել են մասնագիտական առանձնահատկությունը՝ նշելով, որ այս հանգամանքը կօգնի արդյունավետ իրականացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը:Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել  նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների:Հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 25-ին:
19:32 - 24 հունվարի, 2022