hetq.am: Արդեն հինգերորդ օրն է ինչ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ բողոքի ակցիաներ են: Բողոքի ակցիաների մեկնարկը տվել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ապրիլի 17-ից անժամկետ նստացույց է անում Ազատության հրապարակում: Հաջորդ օրվանից անժամկետ հացադուլ են իրականացնում արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երկու երիտասարդ: Ազատության հրապարակի մեկ այլ հատվածում բողոքի ակցիաներ են անում «5165» շարժման անդամները, հրապարակում են նաև «Սև հովազ» ջոկատի անդամները:
Վանեցյանին ուղեկցում են ընտանիքի անդամները՝ կինը և ավագ որդին, ինչպես նաև իր անձնական անվտանգությունը:
Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանությունները պետք է հեռանան, և հիմնական նպատակը, որ հավաքվել են Ազատության հրապարակում, անվտանգ Հայաստան ու Արցախ ունենալն է:
«Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է սպառնալիքի լեզվով, խոսում է Երևանը, Սևանը գրավելու մտադրության մասին, և մենք չենք տեսնում որևէ արձագանք Հայաստանի կողմից: Անգամ տեսնում ենք Ալիևի կողմից վիրավորական արտահայտություններ վարչապետի հասցեին, անկախ նրանից՝ ոնց եմ վերաբերվում վարչապետին, ինձ համար որպես հայ մարդու, տհաճ է, երբ թշնամի երկրի ղեկավարը վիրավորում է իմ երկրի ղեկավարին, բայց որևէ արձագանք չենք տեսնում»,- ասում է Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանն արձագանքում է իր հասցեին հնչած ցանկացած մեղադրանքին, սակայն որևէ կերպ չի պատասխանում Ալիևին:
«Կարող ենք ենթադրել, որ կաշկանդվածություն, պայմանավորվածություն ունի և չի կարողանալու հայանպաստ որոշումներ կայացնել, հայանպաստ օրակարգ ձևավորել»,-ասում է ընդդիմադիր գործիչը:
Դիտարկմանը, որ իշխանության համակիրների կողմից սոցցանցերում տեսակետներ են հնչում, որ պետք է Վանեցյանին զրկել երբեմնի ստացած կոչումներից, վերջինս արձագանքեց.
«Գլուխները պատով կտան ինձ կոչումներից կզրկեն: Էդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, դրանց արժանացել եմ իմ՝ երկարատև ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կալանքի, հավատացեք՝ վաղուց արած կլինեին: Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, հինգից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել, ամենածանր հոդվածներց սկսած, որը սահմանում էր ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում՝ վարչապետի մահափորձի մեղադրանքով, որն ամբողջությամբ հերքվեց, և գործը կարճվեց»,- ասաց նա: Վանեցյանի հավաստիացմամբ՝ չի արել որևէ քայլ, որն օրենքից դուրս է և որի համար իրեն կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:
Ըստ նրա՝ իշխանությունների կիրառած գործիքը կեղծ տեղեկություններով անձին վարկաբեկելու փորձն է:
Հացադուլ հայտարարած երիտասարդներին տեսակցելու էր եկել Տեր Շահեն քահանան, նրա խոսքով՝ եկել էր սուրբ հաղորդություն տալու իր եղբայրներին:
Տղաների հետ զրուցել էր նաև պատգամավոր Գեղամ Նազարյանը: Մեզ հետ զրույցում Նազարյանը մանրամասնեց, որ խորհուրդ է տվել վերջիններիս դադարեցնել հացադուլը: Նազարյանի խոսքով՝ Ազատության հրապարակը սակավամարդ է, քանի որ խնդիր դրված չէ, որ բազմամարդ լինի:
«Շարքային քաղաքացին գալիս պտտվում, գնում է, բայց եթե կանգնի, մնա, հետո մյուսը գա, արդեն կտեսնենք ինչքան բազմամարդ է իրականում: Մինչ էս պահը տենց խնդիր դրված չէ, որ ժողովուրդ, գնում ենք Ազատության հրապարակ ու մնում ենք, հենց դրվի, վստահ եմ, որ հազարավոր կլինեն»,- ասաց պատգամավորը:
Նազարյանի խոսքով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վաղուց է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց՝ առաջիկայում կտեսնենք իրենց նախաձեռնած տարբեր քայլերն ու գործողությունների ծրագիրը:
Պատգամավորը սակայն այն տեսակետին չէ, որ պետք է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները և պայքարը միայն փողոցում ծավալել:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)